Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/49

Այս էջը սրբագրված է

ամբողջ համայնք կարող են իրենց բաժին ընկած հողերը միացնել, միասին վարել ու ցանել և արդիւնքը իրար մէջ բաժանել, բայց այստեղ ամէնքը հաւասար են, չկայ տէր ու բանւոր: Նրանք միացած են աշխատանքը խնայելու և իրենց գործը աւելի լաւ վարելու համար միայն:

Արդ, մենակ լինեն գիւղացիները թէ խմբովին, նրանցից ամէն մէկը իրաւունք պէտք է ունենայ այնչափով հողաբաժին ստանալու, որ կարողանայ իր սեփական աշխատանքով իր բոլոր անհրաժեշտ կարիքները հոգալ։ Ահա այս չափն է, որ կոչւում է սպասողական նորմ:

Բայց մարդիկ աճում են, լինում են մեռնողներ և նոր ծնւողներ. ի՞նչ պէտք է լինի այս նոր ծնւողների վիճակը: Մեռնող գիւղացիների հողերը պէտք է տրւին նոր ծնւածներին. իսկ եթէ գիւղի ազգաբնակութիւնը այնքան շատանայ, որ համայնքի հողը բաւական չլինի ամէնքի սպասողական նորմը գոհացնելու, այն ժամանակ կարիք ունեցողներին նոր հողեր կը տրւին հողային պահեստից: Այս է, որ կոչւում է հաւասարացում:

Այսպէս ուրեմն, երբ մենք ասում ենք թէ՝ հողից պէտք է օգտւել աշխատաւորական—հաւասարող հիմունրներով և որ պէտք է ապահովել սպասողական նորմը սեփական աշխատանքի հիմունքով՝ այդ աշխատանքը ընկերովի լինի թէ անհատական — նշանակում է, ամէն մարդ կարող է հողից օգտւել միայն այն պայմանով, որ ինքն աշխատի նրա վրայ. նա կարող է այնքան հող ստանալ, որ կարողանայ իր սեփական աշխատանքով կամ իր ընտանիքի և նմանների հետ ընկե–