Մի՞թե ոչով յար չէ սիրել, էս ի՞նչ արիր, էս ի՞նչ բան ա,
Քեզ սիրելուց խենթացել եմ, ման եմ գալի յանա-յանա,
էս ցավից թող մարդ չքաշի՝ կեսի կեսին չի դիմանա,
Սիրտս լորի պես խորվեցիր, սիրույդ կրակով, աչքի լույս:
Դոստերիս դուշման շինեցիր, օտարներին ո՞նց դոստ անեմ,
Անցած օրերն էլ չեմ տեսնում, քանի կուզի որ ղաստ անեմ,
Աստված վկա, խիստ դժվար է, գլուխս ինչպե՞ս դուս տանեմ,
Ես մի փոքր նավի նման, քո սերըն է ծով, աչքի լույս։
Կուզեմ բերանս բաց անեմ, զովքդ ասեմ թարիփի պես,
Տաս տարի է ման եմ գալիս փադիշահի շարիփի պես,
Օխտը տարի էլ ման կգամ, սազը ձեռիս, Ղարիբի պես՝
Իմ հույս Շահսանամս դուն ես, էլ չունիմ ոչով, աչքի լույս։
Թեկուզ հազար դարդ ունենամ, ես սրտումս ա՜հ չեմ ասի,
Իմ տեր-տիրականը դուն ես, էլ ուրիշի Շահ չեմ ասի,
Սայաթ-Նովեն ասաց, զալում, ես էն մահին մա՛հ չեմ ասի,
էնքան ըլի դո՛ւն վրես լաս, մազըդ շաղ տալով, աչքի լույս։