նրանք նստում են պղնձյա աշտանակների վրա, որ դրված են վարագույրի երկու կողմը։ Նա ավլում է ակումբի բակը, ապա նորից ներս է մտնում և մաքուր ձեռքով սրբում վարագույրի փոշին։
Երբ ոչ ոք չի լինում ներսը, պառավ Երանը հանդարտ զրուցում է որդու պատկերի հետ։
Հետո մայրը համբուրում է որդու անկենդան ոտքերը։
Փողոցի անկյունում ինձ հանդիպում է իմ ընկեր Ավագը։ Ես հարցնում եմ նրան։
― Մնո՞ւմ է այն վարագույրը․․․
― Մնում է։
― Իսկ մա՞յրը․․․
― Մայրը դեռ հավատում է…
― Լավ է, որ ոչ ոք չի փշրել այդ առասպելը։
Հետո Ավագն ինձ պատմում է նորություններ գյուղից և գյուղի մարդկանցից։
Փողոցով անցնում են մարդկանց զորասյուներ, թնդում է նվագախումբը, և ես լսում եմ պղնձե փողերի հաղթական երգը։
Հետո իմ աչքի առաջ հառնում է մի հաղթանդամ սերմնացան, որ մեր սև ցելերի վրա ցանում է ոսկեհատ սերմեր։
1932