Էջ:Սև ցելերի սերմնացանը 2.jpg

Այս էջը սրբագրված է

որովհետև ծեր սարյակը հանդիմանում է նրանց անտեղի հուզմունքի համար։ Այնուամենայնիվ թռչունները բարձրանում են վերևի ճյուղերի վրա։ Նրանք կորչում են տերևների արանքում, և չի դադարում թռչնային անհանգիստ զրույցը։

Շոգից և հոգնությունից ծանրանում են իմ կոպերը, և երբ փակում եմ աչքերս, լսում եմ հազարավոր գերանդիների խշշոց, նույնիսկ հասկերի վայր ընկնելը։ Հետո սաստկանում է այդ խշշոցը, զով է լինում և լսում եմ բազմաթիվ նիզակների իրար զարկվելը։ Աղմկում են եղեգները… Երևի գետի հունով լեռներից իջնում է սառը հոսանքը։

Ապա մեկնվում եմ Ավագի կողքին և աղմկող եղեգների արանքից նայում Արարատին։ Երևում են լեռան մուգ֊կապույտ ստվերները, վրան ձյունի նման սպիտակ ամպ։ Երբ օրորվում է եղեգը, օրորվում է և լեռան կապույտ ստվերը, հազիվ նշմարելի դողում է գագաթի սպիտակ ձյունը, որ ցուրտ ցոլք է տալիս շիկացած օդում։

Ու լիաթոք շնչում եմ զովը, որ իջնում է լեռան բարձր գագաթից, ամպի նման սպիտակ ձյուներից և այն կապույտ, ինձ համար հավիտյան անհասանելի ամպերից…

Գետնի կավն արևից ճաքել է։ Խոր ճեղքերից բարձրանում է խանձված հողի բույր։ Մի սարդ հյուսել է ոստայնը ճեղքի վրա, ծղնոտի ծայրը մոտեցնում եմ ոստայնին, և հողի մթին խորքից դուրս է վազում քաղցած գազանը՝ բրդոտ մի սարդ և ամեհի արագությամբ պտույտ է անում ոսկեգույն թելերի վրա, անհամբեր փնտրելով որսը։

Ծղնոտների արանքում մի սև բզեզ գլորում է աղբի կլոր գունդը։ Ահա նա, աղբակեր սկարաբեյը, այն բզեզը, որին եգիպտացիք անվանում էին սրբազան, որովհետև հավատում էին, թե նա է գլորում երկրագունդը, ինչպես այս կլոր աղբը։ Մի րոպե նա սևին է տալիս ծղնոտների մեջ, ապա աղբագունդի հետ գլորվում հողի ճեղքը։

Ես մատներով տրորում եմ կավը, ամենահին նյութը, որ կա այս տափարակում։ Քանի՜ ոտքեր, քանի՜ սմբակներ և անիվներ անցել են այս կավի վրայով, ինչքա՜ն է ծեծել ձյունը, և՛ հողմը, և՛ արևը, և՛ անձրևը։

Անմռունչ, հավիտյան համր կավ…