Էջ:Սև ցելերի սերմնացանը 3.jpg

Այս էջը սրբագրված է


Ահա հեռվում երևում են այգիների գորշ պարիսպները և տների պատերը՝ կառուցված նույն հին կավից։ Արևը խանձել է, քամին և անձրևը պոկել են պարիսպների կատարները, մի տեղ փոս արել, մի ուրիշ տեղ թողել սրածայր։

Նստել են կավե հին պատերն այս ընդարձակ դաշտում, ինչպես չոքած ուղտերը։ Նրանցից մեկը ցցել է վիզը, մյուսի միայն սապատն է երևում, երրորդը չոքել է առաջի ոտքերի վրա, կարծես հիմա պիտի իջեցնի և հետին ոտքերը։

Գնա մինչև Հին Բաբելոն, ելամների աշխարհը, մինչև Աղի լիճը և Միջագետքի խանձված դաշտերը, ամեն տեղ կտեսնես այս բիբլիական կավը, մահարձանի պես մի չինար և սրբազան բզեզներ։

Ւսկ այս դաշտում ինչքան արագ են մահանում պարիսպները, երկաթե անիվները տրորում են բրդոտ սարդերին, և արգավանդ կավը ուռճանում է նոր սերմերով։

— Վե՛ր կաց, Ավագ, զովն ընկավ…


* * *

Նրան անվանում էին Սեթ, և որովհետև հայրը վաղուց էր մեռել, կոչում էին մոր՝ Երանուհու անունով՝ Երանի տղա Սեթ և կամ՝ Երանի Սեթ։

Կարճ էր հասակը, թե բարձր, թավ էր ձայնը, թե բարակ, և գիտե՞ր նա սրինգ նվազել, սիրե՞լ էր նա մի աղջկա և հենց այդ չինարու տակ մեզ նման հանգստացե՞լ էր նա, երբ վերադառնում էր Արաքսի ափերի արտերից,— այդ բոլորն ինձ չավանդեց իմ ընկեր Ավագը, կամ գուցե և պատմեց, սակայն իմ հիշողության մեջ ժամանակը խունացրեց այդ պատմության պայծառ գույները։ Եվ հիմա, երբ գրում եմ նրա մասին, որին չեմ տեսել, ես իմ ընկերոջ պատմածից հիշում եմ այն, որ Երանի Սեթը գյուղի ամենալավ սերմնացանն էր։

Այս կողմերում Արաքսը գարնանը ելնում է իր ափերից, վարար ջրերը տիղմ են փռում լայն տափարակի վրա, և առափնյա եղեգնուտները դառնում են կանաչ կղզիներ։ Սերմնացանը ցանում է սերմը, երբ ետ են գնում ջրերը և գետնին նստում է թաց տիղմը։ Նա հանում է ոտքերը, մինչև ծնկները