Էջ:Սև ցելերի սերմնացանը 6.jpg

Այս էջը սրբագրված է

մկրտության քարե ավազանը, և այժմ կարմրած խոփերը նետում է ավազանի պղտոր ջրի մեջ։ Մնացել են քարե երեք աստիճանները, որով իջնում են գետնափոր ակումբը, երկու պղնձյա աշտանակները, որոնցից կախում են նավթի լամպեր, մնացել է եղեգնյա կտուրը և ջահերի նման կախված եղեգները, որ ճոճվում են, երբ բացվում է դուռը։ Ակումբի եղեգնյա կտուրի տակ ապրում են հին աղավնիները, և երբ դուրսը բուք է լինում, նրանք ծվարում են մխից մգլած[1] նիշերում, այնտեղ, ուր պահում էին արծաթյա անոթները։

Նոր նկարներ են զարդարում սպիտակ պատերը, և հին կամարների տակ հնչում են նոր խոսքեր։ Այդ գետնահարկ շենքում աղմկում են երիտասարդ սերնդի զվարթաձայն զրույցները։

Դռան գլխին, քարի վրա, առաջին տարին քանդակեցին մի մուրճ և մի մանգաղ, ներքևը՝ անպաճույճ գրերով գրեցին «կեցցե»։ Այդ անզարդ քանդակից այժմ ցոլում է առաջին հավատացողների սրբազան պարզությունը, այն անկրկնելի հմայքը, որ ունի սկզբնական օրերի անվարժ ոճը, երբ նոր մարդը հնի թանձր խավարից թռչում է դեպի նոր արշալույս և առաջին հետքերն է դրոշմում քարերի վրա, թղթերի վրա և պայծառ խնդությամբ սկսում է իր նոր էջը։

Առաջին դրոշները դառնում են սրբություն, հերոսներն անմահանում են և գալիս են նորոգ գուսաններ՝ նրանց և այն հերոսական օրերի մեծարման երգերով։

Եվ ահա նոյեմբերյան տոներին եղեգնյա կտուրով այդ ակումբում եղավ մի սովորական դեպք։

Վառել էին բոլոր ճրագները, և կամարների տակ դեռ մութ էր։ Նույնիսկ թվում էր, թե ճրագների լույսից ավելի էր թանձրանում խավարը։ Լուսավոր էր բեմը, և բեմի լույսը հազիվ էր հասնում առաջին շարքերին, որտեղ փայտյա ցածր նստարանների վրա իրար էին սեղմվել կանուխ եկած հանդիսականները։

Դռնակն անդադար բացվում էր, նոյեմբերյան քամին ներս էր փչում, օրորվում էին եղեգները, և ճրագների լույսը

  1. մգլած― սևացած