Էջ:Սև ցելերի սերմնացանը 7.jpg

Այս էջը սրբագրված է

դողում էր։ Մարդիկ, որոնք ներս էին մտնում այդ դռնակով, իջնում էին քարե երեք աստիճաններով, նրանք կորչում էին մութի մեջ, երևում էին ծխախոտի կրակները, ինչպես գիշերային լուսավոր բզեզներ։ Հետո առաջանում էին դեպի լույսը։

Աղջիկները զարդարում էին բեմը։ Ի՞նչ կարող է լինել դաշտերում, նոյեմբերյան օրերին… Դեղնավուն փշատերև թուփեր, դեռ կանաչ մասրենու ճյուղեր և դաշտային արցանգեզներ[1], որոնք ծաղկում են ցրտերի հետ և միայնակ վայելում աշնան արևը։ Աղջիկները դեղնավուն փշատերև թփերից, մասրենու կանաչ ճյուղերից և աշնան դաշտի ծաղիկներից հյուսել էին մանյակներ ու պսակներ, բամբակի բացված կնգուղները հագցրել էին պսակներին և այդ ամենը նկարների կարմիր երիզների հետ հյուսած՝ կախել պատերից։

Անկյունում դրոշներն էին, որոնք հսկումի էին կանգնել մի պարզ և արդեն կարմիրը մաշված դրոշակի, որի վրա նույն անպաճույճ մուրճն էր ու մանգաղը, ինչպես քանդակել էին դռան ճակատին։ Այդ ապստամբության առաջին դրոշակն էր, որ պարզեց գյուղը, երբ հարավից որոտաց ազատության առաջին թնդանոթը։

Դուռը բաց էին անում, ներս էր մտնում նոյեմբերյան քամին, օրորվում էին եղեգները, նվազում և ապա բռնկվում էր ճրագների լույսը և ծփում էին դրոշակները։ Ինչպես հին զինվոր, որ խանձվել է ահեղ մարտերում, ապստամբության խունացած դրոշակը կարծես մեղմ շշունջով ավանդում էր ոսկեզօծ նորերին այն պայծառ օրերի դաժան պարզությունը, երբ իրեն բարձրացրին հողի մշակները, որպես փրկության փարոս և ապստմաբության նշան, ինքը փողփողաց խրճիթների վրա, լսեց գնդակների մետաղաձայն աղմուկը, տեսավ առաջին զոհերի արյունոտ մարմինները և, երբ պղնձե փողերը հնչեցին թաղման նվագը, խոնարհվեց նրանց գերեզմանների վրա։

Բեմի մարդկանց հետաքրքրության առարկան այն նոր վարագույրն էր, որ քաղաքից նվեր էին բերել երկու երիտասարդ

  1. արցանգեզ— ցրտադիմացկուն աշնանային դաշտածաղիկ