Էջ:Սև ցելերի սերմնացանը 8.jpg

Այս էջը սրբագրված է

բանվոր։ Նրանք վերևից ամրացրել էին վարագույրը, մնում էր, որ ձգեին պարանը և վարագույրը ծալվեծալ իջներ։ Սակայն այդ հանդիսավոր րոպեն թողել էին վերջը, երբ կհավաքվեին բոլորը և իրենք՝ քաղաքից եկած երիտասարդները խոսք կառնեին ողջույնի և կասեին իրենց ա՛յդ, ինչպես և մյուս նվերների մասին։

Դռնակը նորից բացվեց, մեկը լուցկի վառեց քարե աստիճանները լուսավորելու, և մի ամբողջ խումբ իրար հետևից ներս մտավ։ Լսվում էր ծանր կոշիկների դոփյուն․ ապա նրանք դուրս եկան մթնից, հանդիսականները նրանց մեջ տեսան մի անծանոթ մարդու, որ հասարակ շինել էր հագել և ձմեռային գլխարկ։ Նա խարխափելով էր գալիս, որովհետև ներսի տաքից գոլորշի էր նստել ակնոցի հաստ ապակիներին։

Մյուսների հետ այդ մարդը բարձրացավ բեմը և նրանք, որոնք զրուցում էին կամարների տակ, առաջ եկան ու խիտ նստեցին, այնպես որ վերջին շարքերը հազիվ էին նշմարվում։ Նա սրբեց ակնոցը և հետաքրքրությամբ նայեց շուրջը։ Աղավնիները լուսավոր բեմից և այդքան մարդկանց աղմուկից անհանգիստ թպրտացին կտուրի տակ, մի քանիսը ճախրեցին լույսերի և մարդկանց վրա, ապա կորան մութի մեջ։

Մարդը ժպտա՞ց աղավնիների թպրտոցի վրա, թե՞ ջերմություն զզաց և հստակ ձայնով սկսեց իր պարզ զրույցը։

Լսե՞լ եք դուք այն արթուն խոսքը, որ հոսում է, ինչպես իմաստուն զրույցը, երբ առաջին վայրկյանից խոսողն իրեն է բևեռում բոլորի ուշադրությունը, երբ չկա ինքը՝ խոսողը, իսկ նրա ճշմարիտ մտքերը մուրճի նման հարվածում են և բախում խոր դռներ, երբ խոսքի մեջ կա անխորտակելի ճշմարտություն, որ հարթում է իր ճանապարհը ուրիշների սրտում և ուղեղների մեջ, երբեմն փայլում բարձր մտքերով և երբեմն զարմացնում իրերի ու մարդկանց ճշգրիտ ճանաչողությամբ։

Նա խոսում էր այնպես, կարծես պատմում էր միայն մեկին, այն սրտագին մտերմությամբ, որ ունի պատմողը լսողի հանդեպ։ Նա պատմում էր այն չարքաշ օրերի մասին, որ անդարձ