«Նյու-Յորք Պոստ»-ի մի հավելված գնեցի և կարդալով շարունակեցի քայլել։
«Պոստ»-ը կարդալով՝ հասա «Constantinople» արևելյան ճաշարանի առաջ։ Ճաշարանի աստիճանների վրա ինձ դիմավորեց իմ ծննդավայրի մանկության ընկերներից մեկը։
― Ասատո՜ւր...― գոչեցի։
Նա ինձ փաթաթվեց առանց խոսք ասելու: Նա ինձ էր սպասում: Երկա՜ր, երկա՜ր համբուրեց նա ինձ, և աչքերից մի քանի կաթիլ արցունք գլորվեց թշերից վար։
Ասատուրը հին երկրում բնակվում էր մեր տան ետևի փողոցում. հայրը հացթուխ էր, մայրը` կար անող կին։
Նա գրեթե ցնցոտիներով էր ծածկել իր մերկությունը:
Դեմքի վրա տանջանքի խոր հետքեր կային։ Թևից բռնեցի, գնացինք ներս և գրավեցինք առանձին մի սեղան։ Ւմ մանկության՝ Ասատուրն ինձ թվում էր առասպելական մի հուժկու էակ, թիկնեղ, բարձրահասակ, առողջ, վառվող, խոշոր աչքերով, կարմիր մազերով և կարմիր հոնքերով։ Նա պահել էր առասպելական էակի բոլոր հատկությունները, միայն աչքերում հուսահատություն կար. նա մի տեսակ մխրճվող, թաղվող հայացք ուներ, բայց երբ ինձ նայում էր՝ ժպտում էր, նրա աչքերը ինձ նայելիս վճիտանում էին ինչպես երիտասարդ ձիու աչքեր։
Լսել էի, որ Ասատուրը եկել է Ամերիկա, Եգիպտոսում.