Երբ Հելենան նստեց և սկսեց նարինջները կպճել՝
-Հելենա՜,- ասացի,- դու տեսե՞լ ես շահնշահների երկիրը, այնտեղ, ուր կանայք մինչև այժմս էլ հինա են դնում, այնտեղ, ուր մինչև այժմս էլ փակ բազարներ կան, ուր մեծ բանաստեղծներ են ծնվել և երգել արևի գույներով, այնտեղ, ուր վարդը այնքան է առատ եղել, որքան դոլլարն այս երկրում։ Այնտեղ կանայք ապրել են բարձր պարիսպների ետև թաքնված մաքրամաքուր տներում և ծաղկահեղձ պարիսպներում։ Այդ պարտեզներում ավազաններ են եղել, որտեղ կանայք լողացել են և լողանալուց հետո ծարիր են քսել իրենց հոնքերը, ուր տղամարդիկ մինչև հիմա էլ ամենաանճոռնի կերպով հարդարում են իրենց մորուքները՝ կլոր, այտերի վրա ածիլված, հինայում են սև մազերը և դարձնում են մաղձային գույն։ Այնտեղ դեռևս կանայք լողանում են իսկական արևելյան բաղանիքներում, լողանում են այնքան տաք ջրով, որ մարմինները կարմրում են արյան գույնով։ Շահնշահների այդ երկրում են եղել ադամանդը, սուտակը, զմրուխտը և ծուլությունը։ Բայց գոհարների, վարդերի և հեշտանքի այդ վաղեմի կլասիկական երկրումայժմս կամ աղջիկներ և երեխաներ, որոնք օրեկան մի քանի սենտով իրենց արյունն են հյուսում բրդի հանգույցների մեջ։ Այն գորգերը, որոնց վրա դու և հարիսոններն ամեն օր կոխեւմ և անցնում են անտարբեր՝ ամեն մի քայլափոխի տակ մի սիրտ է ճչում։ Այդ ճիչը դուք չեք լսի, բայց ես ամեն վարկյան լսում եմ այդ ճիչը, երբ մարդիկ անտարբեր կոխ են տալիս այդ գորգերը և անցնում։ Արևելքում, սիրելի՜ Հելենա, հեքիաթներ չկան այլևս։ Արևելքում այժմ վարդագույն երազների փոխարեն արյան կաթիլներ կան, որոնք միանալով առու են կազմում։
Հելենան կախեց գլուխը և լռեց, իսկ ես շարունակեցի․
--10-ից 16 տարեկան մանուկներ- աղջիկներ և մանշեր- առավոտյան արևածագին գնում են գորգագործարանը, սկսում են հյուսել, հյուսել մինչև արևմարը։ Արևը երկարատև է Արևելքում և աշխատանքն էլ այնքան դաժան և անգութ։ Այն հին աշխարհումն էր, որ հարսները գորգեր էին հյուսում երգելով իրենց սերը, նրանք ամեն մի հանգույցը կապում էին իրենց սիրո թելերով, նրանք ամեն մի