-Եկեղեցի՞ն է ուղարկում քեզ:
-Այո:
-Ինչու՞:
-Ուղարկում է, որպեսզի սուրբ վայրերը տեսնելով՝ ավելի ոգևորվեմ իմ կրոնական քարողչությամբ, գտնում են, որ ամեն մի քարոզչի համար հարկավոր է տեսնել այդ վայրերը, որտեղ ինքը Քրիստոսն է ման եկել, իսկ ես աճապարում եմ, որովհետև Եգիպտոս եմ գնալու:
-Երուսաղեմ չպե՞տք է գնաս:
-Տեսնենք, ո՜վ է իմանում:
Լռություն:
Այլևս խոսելու բան չէր մնացել:
-Երևի ես կմնամ Եգիպտոսում, եթե վերադառնամ, կասեմ, որ գնացի, տեսա, ման եկա, իսկ եթե չգամ, էլ ինչ:
-Մի հատ սիգար կծխե՞ս,-հարցրի:
-Շնորհակալ եմ,- ասաց Ասատուրը և մի սիգար վերցրեց տուփից:
Ասատուրը թաղվեց թիկնաթոռում, սկսեց քաշել սիգարը և մրթմրթալ.
-Կգնամ, կտեսնեմ Կլեոպատրային, ման կգամ նրա ման եկած փողոցներում, դա ինձ ավելի կոգևորվի, ավելի կներշնչի, քան բոլոր սրբերը երկնքում կամ բոլոր սուրբ վայրերը երկնքում և երկրի վրա: Եթե իմ կեղծավորությունն այդքան երջանկություն չպիտի կարող լինի պատճառել ինձ, թքել եմ կեղծավորության էլ վրա:
Մի քիչ դադարից հետո վերսկսեց Ասատուրը.
-Հիմա լույս է այնտեղ, Կլեոպատրան զարթնեց, օրորվում է իր անկողնում, մազերը ճառագայթների առատությամբ թափվել են նրա ուսերի վրա, աչքերից դեռ չեն փախել գիշերվա երազները: Սրիկա՜, հեռացի՜ր... -Ոտքի ցատկեց Ասատուրը և սկսեց ապուշի նման նայել տարածության մեջ:
-Ի՞նչ կա, ի՞նչ պատահեց,- հարցրի գլուխս վեր բարձրացնելով լրագրի ընթերցումից:
-Ոչինչ, մտածում էի Կլեոպատրայի մասին, ինձ այնպես երևաց, որ ամուսինը...
-Հա՛, հա՜, հա՜, հա՜, ուզում ես Ամերիկայից մինչև Եգիպտոս պաշտպանե՞լ նրան, ինչ է: