Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/114

Այս էջը հաստատված է

ԻԶԱԲԵԼԼԱ ՍԵՐՐԱՆՈ

Սպանիայի հարավում, Անդալուզիայում առատ է գինին և պարը։ Այնտեղ մարդիկ հագնվում են ծիածանի բոլոր գույներով, ներքևում՝ սաթի դեղին շապիկը ծովի կապույտ, արյան գույն բոսոր, լայն երիզներով։ Անդալուզիացիները պարում են փոթորկահույզ՝ ճիշտ ծովի ալիքների նման, գալարում են իրենց մարմինները, պարում են երազային աչքերով, պարում են ամեն օր, պարում են անվերջ և անպարտասուն։ Նրանց մարմինները ճկուն են, ինչպես արաբ ձիավորի նիզակը, որ երբեմն սլացել է Անդալուզիայում, ճկուն՝ ինչպես ուռենու ճյուղն Արարատյան դաշտում։ Նրանք սիրում են պարել լուսնկա գիշերներին։ Երբ աստղերը թփերից պոկված սպիտակ ծաղիկների նման թափվում են մաքրամաքուր երկնքում, նրանք սիրում են պարել, պարել այդ աստղերի տակ։ Նրանց ոտները կայթում են գետնի վրա՝ ինչպես մակույկը ջրում։

Իզաբելլա Սերրանոն Անդալուզիայից էր, Սևիլիայի մոտիկ գյուղերից։ Նա մտավ նավ Լիսաբոնի նավահանգստից։ Գնում էր Ամերիկա։ Նրան ընկերակցում էր մի ագենտ, որը տեսել էր Իզաբելլա Սերրանոյին Սևիլիայի մոտիկ մի գյուղում, ժողովրդական տոներից մեկում պարելիս։ Ագենտը ցիլինդրավոր, թորշոմած դեմքով, խորամանկ, փոքրիկ աչքերով, փոքրիկ ոլորված բեղերով մի մարդ էր