— Ամերիկյան կյանքն էլ կատաղի է՝ ինչպես այս ծովը։
Դոննա Իզաբելլա, զգույշ եղեք այդ կատաղի կյանքում։
Հանկարծ մռայլվեցին Իզաբելլայի աչքերը։ Ապա նա պատմեց, որ ինքը մի գյուղացի աղջիկ է, ագենտը տեսել է իրեն պարելիս, ծանոթացել, եկել է իր մոր մոտ, առատ փող է տվել և մի տարով պայմանավորվել է տանելու իրեն Ամերիկա՝ պարելու համար։
— Մի տարուց պետք է վերադառնամ Անդալուզիա,– վճռական տոնով վերջացրեց Իզաբելլան։
— Մի՞թե կարիք ունեիք ագենտի տված փողին,— հարցրեց Էմիլը։
— Այո, մեծ կարիք ունեինք. Հայրս նոր էր մեռել, քույրերս փոքր են, իսկ մայրս՝ բոլորովին անպաշտպան։
— Ամերիկայում զգույշ եղեք, դոննա Իզաբելլա, Ամերիկայում այնքան փող կա, որքան գինի՝ Անդալուզիայում։
Իզաբելլան նորից նայեց Էմիլին, և Ւզաբելլայի նայվածքն այնքան մռայլ էր, որքան ծովը։
Նավի ծառայողներից մեկը մոտեցավ Իզաբելլային։
—Մյուսյո դը-Վալերան ձեզ խնդրում է,— ասաց։
—Շուտով կվերադառնամ,— հարեց Իզաբելլան Էմիլին և իջավ կամրջակից ներքև։
Սանդուղքներից իջնելիս՝ քամին թռցնում էր նրա մանիշակագույն ուսնոցը, և նա նման էր թևատարած թռչող առասպելական թռչունի։
Էմիլը դեռևս կանգնած էր կամրջակի վրա և դիտում էր արևը, որ նայում էր նոր ճեղքված մի ամպի միջից, երբ Իզաբելլան վերադարձավ։
—Դը-Վալերան գլուխը չի կարող բարձրացնել անկողնից։
—Ինչո՞ւ է ձեզ կանչել, դոննա Իզաբելլա։
—Ցանկացել է տեսնել ինձ, ուրիշ ոչինչ։
—Նա նայում է ձեզ վրա՝ ինչպես վաճառականն իր ապրանքի վրա,— ասաց Էմիլը։
— Ինչո՞ւ եք այդպես կարծում, նա շատ բարի է դեպի ինձ և դեպի իմ ընտանիքը։
— Այո, այնքան ժամանակ, որքան դուք կկարողանաք պարել,— պատասխանեց Էմիլը։
52 — Վ․ Թոթովենց, գիրք 2