–Դուք այնքան բարի աչքեր ունեք, բայց չար բաներ եք ասում,–հարեց Իզաբելլան մռայլ և տխուր։
–Իմ ասածները չար չէն, միայն ցանկանում եմ, որ զգույշ լինեք հրդեհից, որպեսզի հանկարծ չբռնկվեն ձեր սևառատ մազերը։
–Դուք ի՞նչ գործով եք զբաղվում,– հարցրեց Իզաբելլան։
–Բանաստեղծ եմ,– պատասխանեց Էմիլը։
Արևը փայլում էր օվկիանոսի մուգ–կապտավուն ալիքների վրա, բայց Իզաբելլա Սերրանոն մռայլ էր՝ ինչպես առավոտյան ծովը։
Երեկո էր, երբ շոգենավը հասավ Նյու–Յորքի նավահանգիստը։ Վիթխարի հրդեհի նման վառվում էր Նյու–Յորքը։ Բոլոր ճամփորդները տախտակամածի վրա էին։ Ֆրանսիացի բանաստեղծը և Անդալուզիայի գեղջկուհին կանգնել էին նավի աջակողմում և դդիտում էին ահավոր քաղաքը։
–Ահա Նյու–Յորքը,– ասաց ֆրանսիացի բանաստեղծը։
–Ես կկորչեմ այս մեծ քաղաքում,– մրմնջաց Իզաբելլան։
Ամբողջ Նյու–Յորքը ճանաչում է ձեզ հիմա,– շարունակեց բանաստեղծը,– բոլոր թերթերը հիմա հրատարակած կլինեն ձեր լուսանկարը, ձեր ագենտը շատ ճարպիկ է։
–Դուք էլի սկսեցիք ձեր չար խոսքերը։
–Ես եղել եմ այս երկրում, տեսել եմ այս երկիրը հատակից մինչև ոսկեզօծ կեղտոտությունները, էլի եմ ասում, զգույշ եղեք, դոննա Իզաբելլա, վերցրեք միայն այնքան դոլլար, որքան հարկավոր է ձեզ և ձեր ընտանիքի համար և շուտ, շատ շուտ վերադարձեք Անդալուզիա։
Նավը կանգ առավ, խարիսխները ձգվեցին վայրենի ռիթմով։ Ճամփորդները բոլորն էլ իրարանցման մեջ էին, բոլորն էլ աճապարում էին դուրս գալ։ Իզաբելլան և բանաստեղծը դարձան, ետ նայեցին և տեսան դը–Վալերային՝ շրջապատված նոր մարդկանցով։ Այդ նոր մարդիկը էլի թղթակիցներ էին, որոնք եկել էին նավ՝ հատկապես