Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/125

Այս էջը հաստատված է

հատակին և սկսեց դեպի վեր բարձրանալ, հետո կանգնեց` գլուխը ետև գցած, իրանը` առաջ, սրունքները` կորացած, ճիշտ նման հրացանի նշանի: Շողերն ավելի առատությամբ թափվեցին բեմի վրա, և Իզաբելլան շարունակեց խռովասույզ, ալեկոծ ու խելակորույս պարը արևի ծագման:

Դահլիճը որոտաց` ինչպես ծովն էր որոտում մի քանի օր առաջ:

Քրտինքը կաթիլ առ կաթիլ վազում էր Իզաբելլայի քունքերից` ինչպես գարնանային ծովը կանաչ տերևի վրա:

Զարդասենյակում դը-Վալերան կռացավ և համբուրեց Իզաբելլայի ոտները:

— Օրհնյալ է քո մայրը, դոննա Իզաբելլա, օրհնյալ է քո ծնունդը դոննա Իզաբելլա, — բացականչեց դը-Վալերան:

Ծափահարությունները շարունակվում էին, Իզաբելլան երևաց բեմի վրա: Դահլիճը լցվեց ծափահարությամբ և բեմը` ծաղիկներով:

Երբ Իզաբելլան վերադարձավ զարդասենյակ, դը-Վալերան հայտնեց նրան, որ բեմը լցրել է ծաղիկներով ինքը` Ամերկայի ածուխի արքայի որդին:

— Նա դահլիճո՞մն է, — հարցրեց Իզաբելլան:

— Մի՞թե չտեսաք նրան, աջ կողմի օթյակում:

— Ոչ, ես ոչ ոքի չտեսա:

«Պոսիդոն» — ը կանգնել էր Նյու — Յորքի նավահանգստում և սպասում էր մր. Շրայտերի հրամանին` բաց ծով դուրս գալու համար: Իզաբելլա Սերրանոն, կիսամերկ, փաթաթված երկար վերարկուի մեջ, դուրս եկավ թատրոնից և մտավ մր. Շրայտերի ավտոյի մեջ: Մր. Շրայտերը վաղուց սպասում էր նրան: Նրանցից առաջ նավ էին գնացել Նյու-Յորքի «բարձր հասարակության» անդամներից մոտ հիսուն հոգի:

Նավի ջահազարդ դահլիճը լուսավորված էր տոնական օրվա նման: Երբ Իզաբելլա Սերրանոն և մր. Ռոբերտ Շրայտերը նավ մտան, հյուրերը նրանց դիմավորեցին ծափահարություններով: Սպասուհիները թարմ ծաղիկներով և