Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/13

Այս էջը հաստատված է

սուրալիս, բայց երբ ավազակի մորուսը հպել է շրթներին, աղջիկը ճչացել է ազատվել նրա ձեռքերից և թռել դեպի Նեղոսը: Նեղոսի ալիքները նրան գրկել են բարձր, տարել, հանձնել են ծովուն: Ծովից մի թևավոր կապուտաչյա տղա է դուրս եկել, գրկել նրան, բարձրացրել վեր, նրա սև մազերը խառնվել են ծովի կաթնամաքուր փրփուրներին, գնացել են, գնացե՜լ, գնացե՜լ, մինչև հասել են մարդկանց անծանոթ մի կղզի: Տղամարդը փարվել է նրա շրթունքներին, ու դարեր են անցել, դարե՜ր, դարե՜ր, իսկ նրանցից և ոչ մեկը չի ցանկացել պոկ գալ: Գիտե՞ս, - շարունակեց Ասատուրը, - Կլեոպատրան ինձ պատմեց այդ հեքիաթն այն առավոտյան, երբ զարթնեց և տեսավ, որ իմ շրթունքները իր շրթունքներից չէին հեռացել կես-գիշերից մինչև առավոտ: Իսկապես, դարեր բավական չեն մի համբույրի համար, - գոչեց Ասատուրը և լռեց:

Իմ սենյակում տիրեց լայնատարած լռություն, միայն հարավի ինչ-որ շունչ դողդողում էր իմ շուրջը` դրսից լսվեց երկաթի մի ճռնչյուն, կարծես մի վիթխարի մեքենա ողբում էր հոգնածությունից, կարծես ամբողջ Նյու-Յորքը իր ահարկու աղմուկով լցվեց իմ հոգում:

Երկաթի այդ առասպելական քաղաքում Ասատուրն ինձ թվաց մի առասպելական հեքիաթ:

-- Վերջ ի վերջո ի՞նչ գործ ունես դու այս քաղաքում, - ասացի Ասատուրին:

-- Այո, ի՞նչ գործ ունեմ ես այս քաղաքում, ի՞նչ գործ ունեմ այս երկրում. այստեղ մարդիկ քար են, սառած արձաններ, - գոչեց Ասատուրը և սկսեց հեկեկալ:

Հեկեկում էր քարոզիչի սև օձիք դրած վիթխարի այս տղամարդը, հեկեկում էր այնպես` ինչպես մանուկն է հեկեկում, երբ ձեռքից խլում են նրա խաղալիքը:

-- Դու խաբում ես մարդկանց, դու գարշելի ստախոս ես, հագնում ես եկեղեցական տարազ, քարոզում ես քրիստոնեություն, վերջապես զբաղված ես լայնատարած կեղծավորությամբ:

-- Քրիստոնյաները դարեր խաբել են մարդկությունը, շա՞տ ես գտնում, որ մի քիչ ես խաբեմ քրիստոնյաներին:

Չպատասխանեցի: