Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/139

Այս էջը հաստատված է

«ՀՈ, ՀՈ, ՀՈ...»

Ա

Իսոն մեծ վարպետ էր, մկրատը որ բռներ, կարող էր խոսք հասկցնել։ Բայց գեշ բնավորություն մ՝ուներ, կը խմեր և շատ կը խմեր։

— Քոռ Իսոն մեծ վարպետ է, անոր նմանը Սթամպուլի մեջ ալ չիկա,— կ՛ըսեին բոլոր խարբերդցիները։

Բայց դերձակ Իսոն քոռ չէր։ Բժիշկին համար անոր աչքերուն մեջ բնավ տկարություն չիկար: Քոռ մակդիրն անոր անունին կպած էր երկար տարիներե ի վեր, որովհետև օղին ազդեցության տակ՝ երբեք աչքերը շիտակ չէին նայեր: Օղին այնքան երկարեցավ և իր ավերիչ դերը կատարեց, որ Իսոյի աչքերը ծռեցան, քիթը—բերանը խառնվեցան իրարու։

Այս անունը այնքան հարազատ դարձավ Իսրայելի համար և այնքան շրջագայության ելավ, որ ինքն ալ վարժվեցավ։


Երբ աշկերտը տեղ մը ղրկեր գործով՝ կը պատվիրեր անոր.

— Գնա, ըսե որ Քոո Իսոն այսպես կըսե։

Իսոն այնքան մոլին էր ոգելից ըմպելիի, որ չափը կիսատ կըթողուր, ումպ մը կը քաշեր, թևովը բերանը կը սրբեր ու ապա կը շարունակեր չափը առնելը։

Հանելուկ էր դարձեր շատերուն համար՝ թե Իսոն ի՞նչպես կրնար իր դողդոջուն ձեռքերով թելը ասեղին ծակեն անցնել:

— Եթե ուզե ինքն ալ կրնա ասեղին ծակեն անցնիլ, — կ՛ըսեին աշկերտները։

Բայց առհասարակ հանելուկ մը չէր, որ գինով մարդը իր վարպետության նրբությունները չէր կորսնցներ։