Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/140

Այս էջը հաստատված է

Իսրայելի ձևած ԲԱՆԹԱԼՈՆ-ին վրա ոչ մեկ խոսք կարելի չէր կտրել։

Անիկա վարպետ էր։

Բ

Դերձակ Իսրայելի կյանքը անտանելի էր խանութե դուրս, իր իսկ տանը մեջ։ Տղան ու աղջիկը արդեն ժմներ էին, իրենց մորը հետ ԵԱՐ էին, ամեն կիրակի ժողովարան կերթային աստուծո խոսքը լսելու և ամեն իրիկուն ալ եղբայրական ժողովի կը հրավիրվեին։

Անհամ ու անտանելի էր աստուծո խոսքով սնանող տան անդամներուն միջև ապրիլ՝ Իսոյի համար։

Օղիի շիշը կառներ, տուն կուգար միայն հանդիպելու համար իր կնոջ և զավակներուն արհամարհանքին ու գարշանքին։

Կինը ու զավակները կը խրատեին, ամեն օր միևնույն անտանելի առակներով և Սաղմոսի մեջբերումներով, ժողովարան հաճախել ու մասնակից ըլլալ Քրիստոսի խաղաղության։

— Ես իմ խաղաղությունս գտեր եմ,— կը պատասխաներ Իսոն իր հարազատներուն,— ես իմ ճամբան կերթամ, դուք ալ՝ ձերը, ի՞նչ կուզեք ինձմե,— և գավաթը կը տաներ բերանը, կո՜ւո՜ւռթ՝ կը քաշեր, երեսները կը թթվեցներ և աչքերուն մեկը մեկ պատին, մյուսն ալ մյուս պատին հառած՝ կը կենար։

Իսոն լավ գիտեր, որ իր հարազատները, ըստ քրիստոնեության, բռնի ուժի պիտի չդիմեին, բայց շատ անգամներ պատահեցավ, որ մեծ տղան մոոցավ ամեն բան և հարձակեցավ իր գինով հոր վրա՝ ծեծելու, բայց մայրը և քույրը դեմը ելան, տարին ուրիշ սենյակ մը, բացին ավետարանը, կարդացին, խաղաղեցուցին, և այդպես խնդիրը վերջացավ:

Իսոն ուրիշ զենք մըն ալ ուներ, կրնար տանը տնտեսականին սպառնալ։ Քրիստոսի աշակերտները ամեն բանի հետ կրնային հաշտվիլ, բայց այդ մեկը շատ ծանր կուգար իրենց։

— Եթե ստիպված ըլլամ աշխատիլ,— կըսեր մեծ տղան, —