Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/143

Այս էջը հաստատված է

Դ

Իսոն զզված և այլևս անկարող դիմանալու տանը մեջ գոյություն ունեցող անհամություն՝ որոշեց տանեն հեռանալ:

Մեկ քանի օր իրարու ետևե խմեց, կանչեց իր կինն ու զավակները և ըսավ.

— Ահա իմ ունեցածս-չունեցածս՝ հարյուր ոսկի, երեսունը ինձ, յոթանասունը ձեզ, կեցեք բարով, ես կերթամ, իմ երեսս ալ չեք տեսներ։ Ինձ Քրիստոս-մըրիստոս պետք չէ։

Իր հարազատները փորձեցին խրատել, բայց Իսոն անմիջապես խոսքերնին կտրեց.

— Մինչև բերանս եկեր հասեր է ձեր խրատը, պետք չկա:

Իսոն երկրորդ օրը ճամբա ինկավ դեպի Ամերիկա։

— Ամերիկայեն ալ ձեոքես եկածին չափով ձեզի դրամ կղրկեմ, անհոգ ըլլաք, հայտարարեց անիկա։

Մեծ աղջիկը ոսկեզօծ Ս. Գիրք մը տվավ հորը իբրև նվեր և ըսավ.

— Եթե նեղություն ունենաս, ասոր դիմե, և քու նեղությունդ պիտի թեթևնա։

Բայց հայրը ձեռքով ետ հրեց և արտասվալից աչքերով հեկեկաց.

- Այդ Ս. Գիրքն էր, որ ինձ իմ հարազատներես կը բաժնե, չեմ ուզեր։

Իսրայելի կնոջ և երկու զավակներուն համար այնքան ցավ չի պատճառեց անոր մեկնիլը, որքան Ս. Գիրքը մերժելը։

Ե

Իսոն հասավ Ամերիկա և հաստատվեցավ Պոսթոնի մեջ։

Անիկա հանդիպեցավ իր վաղեմի բարեկամներեն՝ Զաքարին։ Իրենց նախկին բարեկամությունը վերանորոգեցին։ Զաքարը համեստ դրամագլուխ մը բերավ և Իսրայելի հետ դերձակության խանութ մը բացին։ Զաքարը վաղուց ծանոթ էր Իսոյի վարպետության և գիտեր, որ մոտ ժամանակեն անուն կրնար հանել և հաճախորդներ վաստկիլ:

Այդպես ալ եղավ։