սենյակը։ Երբ սենյակ մտա, նա գլուխը կախ էր արել սեղանի վրա և գրում էր։
Նրա մազերը թափվել էին երեսի վրա, ոչինչ չէր երևում, բացի անտառատեսիլ մազերից։
«Այդ մազերի տակը անպայման հրդեհ կա»,— մտածեցի։
Գլուխը վեր չբարձրացրեց։ Ուրախ էի, անսահման ուրախ էի, որ գլուխը չէր բարձրացնում, որովհետև չխոսած՝ զգում էի, որ լեզուս կապ է ընկել։ Երկար սպասելուց հետո նա գլուխը վեր առավ, դանդաղ, ինձ նայեց բոցավառ աչքերով և բացականչեց․
–Օ՜, օ՜, օ՜․․․
— Բարև՜, ընկեր։
– Բարև՜, որտեղի՞ց բուսար։
– Թուրքիայից,– պատասխանեցի։
– Ի՞նչ ես ուզում,–հարցրեց։
– Ուզում եմ ձեզ տեսնեմ և հարցնեմ, թե ի՞նչ եք անում։
Նա ծիծաղեց և պատասխանեց.
— Վերջերս մի մեծ ֆաբրիկա ենք բաց արել՝ հրացանների, թնդանոթների և պայթուցիկ նյութերի մի ֆաբրիկա, որպեսզի փոխադրենք Թուրքիա և ազատենք Հայաստանը։
Ես ապուշ կտրած՝ ոչինչ չկարողացա պատասխանել։
— Վաղը արի ինձ մոտ, տանեմ, ցույց տամ քեզ այդ ֆաբրիկան։
Թուրքական բարև տվի և հեռացա։ Երկրորդ օրը նա ինձ տարավ և ցույց տվեց ինչ–որ մի հսկա շենք, որտեղ պատրաստում էին ամեն տեսակի զենքեր։
- Ահա մենք այս գործով ենք զբաղված։ Ամերիկա գնալիս՝ ասա բոլորին, որ օգնեն մեզ, Հայաստանը առանց օգնության չի կարոդ ազատվել. պետք է օգնեն։
Այս վերջին խոսքը մեխվեց իմ հոգում՝ «պետք է օգնեն»։
Ամերիկա եկա և 15 տարի աշխատեցի օգնել, որպեսզի Հայաստանը ազատվի։ Դու ինքդ գիտես իմ քաշած նեղությունները․ մարդ հարստությունից հոգնում է, ուր մնաց աղքատությունից։ Հոգնեցի աղքատությունից։ Այս անգամ Պոլսից վերադառնալիս՝ անցա Լոնդոնից և հանկարծ հիշեցի առաջնորդին և «հնչակյան զինական ֆաբրիկան»։ Ցանկացա գնալ և տեսնել այդ ֆաբրիկան։ Այդ վիթխարի և հոյակապ