Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/153

Այս էջը հաստատված է

ՄԵՅՐԻ ԸՆԴԸՐՎՈՒԴ

1

Երբ ես «Օլդ Սաուտ» ապարտըմանում սենյակ վարձեցի, Մեյրին միևնույն հարկի վրա հարավցի մի սպիտակ ընտանիքում աղախին էր։ Աոաջին իսկ օրից ես նրան ծանոթացա՝ ծանոթացա առանց հետը խոսելու, մինչև անգամ առանց բարևելու։ Ձևականությունների կարիք չկար ծանոթության համար։ Նա մի նեգրուհի էր, ուրեմն պարզ էր նրա կյանքի ամբողջ մանրամասն պատմությունը,– նեգրուհի Միացյալ Նահանգների հարավի քաղաքներից մեկում — դա նշանակում էր լինել օրենքի առաջ ազատ, բայց ստրուկ՝ օրենքի կույր աչքերից հեռու, կյանքում:

Երբ կեսօրին ես սենյակը վարձեցի, ապարտըմանում ինձ ոչ ոք չտեսավ։ Երեկոյան սենյակս մտնելիս՝ Մեյրին կանգնած էր իրենց բնակարանի դռան առաջ։ Նա հետախույզ հայացք նետեց իմ վրա իբրև նորեկի։ Օդային գազի լույսը, որ վառվում էր իմ սենյակի դռան և նրանց բնակարանի դռան միջև, սանդուղքների ճիշտ դիմացը, լուսավորում էր նրա դեմքը։ Սևաթույր մորթը փայլում էր՝ ինչպես սրբված կոշիկի քիթը, իսկ աչքերը վառվում էին անմեղ ու անվնաս գազանի աչքերի նման։ Գլխին սպիտակ և մաքուր գլխանոց ուներ, փորի վրա փոքրիկ — էլի սպիտակ և մաքուր — մի գոգնոց՝ ուժեղ հակադրությամբ իր մորթու և հագած շորերի հետ, կարծես նա նման էր սև ու սպիտակ ագռավի։

Երբ ես նայեցի նրան սենյակիս դռան բանալին պտտած ժամանակս, նա ժպտաց սպիտակ ատամների միջից, որոնք եզերված էին գինու կարմիր և կրքոտ շրթունքներով։