բնակարանի դռան առաջն է, ետևում ինչ-որ մի բան է թաքցրել: Երբ տեսավ, որ վեր բարձրացողը ես եմ, ծիծաղեց և ասաց.
— Վախեցա թե ուրիշն է, լավ որ դուք եք։
Ետևը թաքցրածը դուրս բերեց: Դա մի երկար կոթով տապակ էր, մեջը խոզի ապուխտ ջարդած:
Նա տապակը երկարեց գազի լամպի վրա։
— Ի՞նչ ես անում,— հարցրի։
— Ապուխտ եմ պատրաստում,— պատասխանեց։
— Այստե՞ղ, կորիդորո՞ւմ, լույսի՞ վրա։
— Այո, ի՞նչ անեմ։
— Ինչո՞ւ, ի՞նչ պատճառ կա, որ այստեղ ես տապակում, ներսում խոհանոց չունե՞ք։
— Ունենք,— պատասխանեց Մեյրին,— բայց տիկինս չի թողնում, գազի տնտեսում է անում։
Երկարեցա, տապակն առի Մեյրիի ձեռքից։
— Իմ գազի վրա կտապակեմ և քեզ կտամ,— ասացի։
— Շնորհակալ եմ,— ասաց Մեյրին։
Նրա աչքերը կատվի աչքերի նման փայլեցին։
Հաջորդ օրը, կես֊գիշերին, նա ինձ սպասում էր դռան առաջ։
— Ալլո, Մեյրի։
— Ալլո, բարի մարդ,— պատասխանեց Մեյրին:
— Տուր տապակը,- ասացի։
— Այսօր ոչինչ չունեմ տապակելու, ամեն օր չեն ունենում, երեկ ներքևի հարևանն էր տվել ինձ, այսօր չի տվել։
Բռնեցի Մեյրիի ձեռքից։
— Մի մերժի, Մեյրի,— ասացի,— դու ինձ բարի մարդ ես կոչում, բարի չեմ, այս աստղի վրա բարություն չկա, արի սենյակս, միասին ընթրենք։
— Տիկինս կիմանա։
— Չի իմանա, դուռը բաց կթողնենք, եթե ձայն լսվի, դուրս կգաս։
Բայց Մեյրին հեռացավ։
Մեյրին երկար ժամանակ չուզեց իմ սենյակը գալ։ Շատ դժվար էր սպիտակամորթի համար համոզել սևամորթին, որ