Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/158

Այս էջը հաստատված է

սպիտակամորթն անկեղծ է։ Աշնան մեջերքում, մի գիշեր, աստիճանների վրա բռնեցի ես Մեյրիին։

— Այսօր անպայման պետք է գաս իմ սենյակը միասին ընթրելու,— ասացի։

— Այժմ ես քեզ հավատում եմ,— պատասխանեց Մեյրին,— կգամ, բայց պետք է սպասես` մինչև տիկինս քնի։

— Լավ, կսպասեմ։

Ժամից ավելի սպասեցի ես Մեյրիին, աշնան քամին սուլում էր դուրսը, ողբալի երգում մերկացած ծառերի ճյուղքերի մեջ, քամին զարնվում էր իմ սենյակի լուսամուտների փեղկերին, ինձ հետ ապրող իրերը բոլորն էլ նայում էին ինձ. նրանք հասկանում էին տարերքի երգը, իսկ ես զբաղված էի Մեյրիին դիմավորելու։

— Մեյրին պիտի գա ինձ մոտ և մի քիչ հանգստանա, նրա հոգին պիտի հրճվի, նրա սև մարմինը պիտի զգա սպիտակ հանգիստը։ Սպասումն ինձ մաշեցնում է, բայց զգում եմ, որ ներքին ուրախության մի տիրական ալիք ինձ հեղեղում է, ուրախ եմ, որ հոգիս խոնարհ է, այնքան խոնարհ, որ կարող է հրճվել մի սևամորթի երջանկությամբ։

Դուռը թխկացնում են։

— Մտե՛ք։

Մեյրին — առաջին անգամ — մտավ իմ սենյակը։

Իմ իրերը նրան սիրով ընդունեցին, ժամացույցը հնչեց, հայելին գրկեց Մեյրիին, Մեյրին ժպտաց հայելու խորության մեջ, սեղանիս սպիտակ սփռոցը հրճվում էր, պատրաստ էր տարածվելու` իմ հյուրի առաջ սպասարկելու համար։ Իրեն ուզում էին ծառայել, նրանք ստրուկ չեն, նրանք հոժարակամ են։

Մեյրին ավելի շատ խոսեց, քան կերավ:

— Իմ տիկինն այրի է ու այրի չէ, նրա ամուսինը հենց մեր բնակարանումն է, ետևի սենյակում պառկած, երկու տարի է նա հիվանդ է, անկարող է անկողնից վեր կենալ, ինձ բերին այստեղ, որպեսզի նրան խնամեմ, կեղտոտությունը թափեմ, կողը դարձնեմ, ոտները, կռնակը, թևերը շփեմ, ջղային հիվանդություն ունի։

— Ապա ինչո՞ւ ես ասում, որ քո տիկինն այրի է. չէ՞ որ ամուսին ունի։ [1]

  1. 24 ֊- Վ. Թոթովենց, գիրք 2