Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/161

Այս էջը հաստատված է

— Մեյրին հիվանդ է,— պատասխանեց նեգրուհին։

— Ի՞նչ է պատահել։

— Մրսել է։

Խնդրեցի նեգրուհուց գնալ Մեյրիի մոտ և հայտնել իմ ցավակցությունը։

— Թող բժիշկ կանչի, ես կվճարեմ բժշկի ծախսը։

— Պր. Հյուզը բժիշկ կանչել է արդեն։

— Կարո՞ղ ես հարցնել նրան, թե ինչո՞ւ է հիվանդացել։

Նեգրուհին ծիծաղեց։

— Հիվանդության համար որոշում չի կայացրել,— պատասխանեց նեգրուհին,— հիվանդին կհարցնե՞ն, թե ինչու է հիվանդացել։

— Խնդրում եմ հայտնել նրան այդ և ազատ լինել ծիծաղելու։

Ես զգացի, որ տիկին Հյուզը մի չարություն է արել խեղճ Մեյրիին։ Կարծես մեկն ինձ ասում էր այդ:

Երեկոյան ես շուտ վերադարձա՝ հատկապես Մեյրիի մասին տեղեկություն ստանալու։ Նեգրուհին կանգնած էր ու ինձ էր սպասում։

— Պարոն, դուք ճիշտ եք, ահա թե ինչու է նա հիվանդացել. ձեզ մոտ ընթրելուց հետո՝ տիկինը նրան պատժել է, քշել է նրան պատշգամբը և ամբողջ գիշերը չի թողել, որ ներս գա, մրսել է նա պատշգամբում և թոքերի բորբոքում է ստացել։

Ուզեցի պատասխանել նեգրուհուն, բայց նա անմիջապես շարունակեց.

— Ներողություն եմ խնդրում, որ ծիծաղեցի երեկ, դուք ճիշտ էիք:

Նեգրուհին ամեն օր ինձ տեղեկություններ էր բերում Մեյրիի մասին։ Վատանում էր նա։ Պր. Հյուզը կնոջ հետ կռվելով՝ ամեն օր բժիշկ էր կանչում, բայց ոչ մի բարելավում։ Պր. Հյուզի ջղայնությունը հասել էր իր գագաթնակետին, որովհետև լսում էի նրա ձայնը, որ բղավում էր.

— Անիծյալ ես դու:

Պարզ էր, որ նա բղավում էր կնոջ վրա:

Ես կանգնում էի իմ դռան առաջ, որպեսզի պատահաբար հանդիպեմ տիկին Հյուզին, ուզում էի թքել նրա երեսին, բայց