Ոստիկանը անիմաստ ծիծաղում է:
Ա՜խ, այդ ծիծաղը, այնքան անպատճառաբանված էր։
Ինչո՞ւ էր ծիծաղում, մինչև հիմա էլ չեմ հասկացել։ Երևի հիմար էր: Միթե՞ իմարությունը պատճառաբանված չի լինում:
Կանգ ենք առնում մի շենքի առաջ, մտնում ենք ներս, մաքրամաքուր մի շենք, մտնում ենք գրասենյակ, գրասենյակում արձանագրում են իմ անունը և տալիս են փոքրիկ անկետա՝ լցնելու․ լցնում եմ վտանգավոր անկեղծությամբ։ Ու տիկանը բարի գիշեր է ասում, նայում է ինձ բարությամբ, ժպտում ու հեռանում։ Գրասենյակի վարիչը էլեկտրական կոճակը սեղմում է, գալիս է մեկը, որի գիշերային տարազից կարելի էր միայն բաղնիսի ծառայող կարծել։
— Տարե՛ք պարոնին,— ասում է գրասենյակի վարիչը։
— Հաճեցե՛ք,— ասում է ինձ երկրորդը։
Ես հետևում եմ։ Ո՞ւր եմ գնում, չգիտեմ, շենքը տաք է, դա է ինձ հանգստացնողը, թող բանտարկեն, ոչինչ։
Մտնում ենք մի ընդհանուր սրահ, որի բոլոր պատերը լցված են փոքրիկ, փոքրիկ երկաթե պահարաններով։ Դիտում եմ քննական հայացքով, ուզում եմ իմանալ, թե ո՞ւր եմ, ինչո՞ւ բերին ինձ այստեղ, բայց անօգուտ, ոչինչ չեմ հասկանում։
— Հանեցեք ձեր շորերը,— ասում է «բաղնիսի ծառայողը»։
Հանվում եմ ու բոլորովին մերկ կանգնում, «բաղնիսի ծառայողը» մի պահարանի փոքրիկ բանալի է տալիս, որպեսզի շորերս դնեմ այդ պահարանի մեջ ու փակեմ։ Շորերս դնում եմ պահարանում, կողպում և բանալու հետ միացած ռետինե պարանից անց կացնում թևիս։ նա՛ ինձ առաջնորդում է մի դուռ, բաց եմ անում դուռը, մտնում եմ ներս, բացված տեղը կորրիդոր է, խորքում մի փոքրիկ սենյակ առանց դուռի, մի սևամորթ ափս լցնելու չափ կակուղ սապէհ է տալիս ու մի շուշանի պես սպիտակ ցամքոց, շարունակում եմ ճանապարհը, մտնում եմ մի ընդարձակ բաղնիք, հարյուրավոր դուշեր, բայց ոչ մի լողացող չկա, արդեն ուշ է։ Ինչո՞ւ եմ լողանում, չգիտեմ, բայց լողանում եմ ագահաբար, մարմինս տաքանում է, տաքության մի անասելի հեշտանք եմ զգում, ջուրը վազում է, վազում է անվերջ, առատ, ինչպես