Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/18

Այս էջը հաստատված է

Երիտասարդ քարոզիչը բռնեց մարդկային ամենաթույլ ջղերից՝ ունենալ մանանեխի հատիկի չափ հավատք։

Քարոզի կեսից` Ասատուրի ձայնը խորացավ, հնչում էր դողդոջուն, դեմքը այլակերպվեց։ Նա երկար էր նկարագրել սուրբ վայրերը՝ զարմանալի մանրամասնություններով։ Ես կարծեցի, որ Ասատուրը խղճահարվում է, ստի ալիքները խեղդում են նրան, բայց նա շարունակեց.

«...Մի օր ես բարձրացա Գողգոթայի բարձունքը։ ճշմարիտ քրիստոնյաները բարձրանում են էշերի վրա նստած, որպեսզի չնմանվեն Տիրոջը, ինչպես Պետրոս առաքյալը գլխիվայր խաչվեց, որովհետև արժանի չէր Տիրոջ նմանվելու։ Ւմ առաջ ցցվեց մի ահավոր միտք — բարձրանալ ոտով` զգալու համար այն հոգնածությունը, որը մեր Տերը զգաց Գողգոթա բարձրանալիս, ուստի ես ծնկի եկա և աղոթեցի երկյուղածությամբ, որ ինքը՝ Քրիստոսը, ների ինձ։ Աղոթեցի երկար և արցունքներով ողողեցի Գողգոթայի ստորոտը ու հանկարծ զգացի, որ Հիսուս Քրիստոսը ինձ ներեց, և ես ոտով բարձրացա։

Բարձունքի կեսին հասած՝ իմ հոգին լաց եղավ, ես խորունկ կերպով զգացի այն տանջանքը, որ կրեց որդին մարդու։ Մինչև բարձունքը հասնելը` ես թունավոր ատելությամբ լցվեցի դեպի մարդկությունը, որ երկնքից միայն մի անգամ աստված իր որդին էր ուղարկել, և մարդկությունը նրան ցույց տվեց իր ստորությունը, բայց Գողգոթայի բարձունքի վրա իմ հոգին լցվեց աստվածային ներողամտությամբ, որովհետև դարերի միջից ես զգացի այդ բարձունքի վրա Հիսուս Քրիստոսի ավանդած հոգու ամբողջ ջերմությունը...»։

Եկեղեցում լռությունը գնալով խորացավ, մարդիկ իրենց վերացած էին զգում։

Ասատուրը դեռ չէր վերջացրել, նա շարունակեց.

— Մի օր ես Բեթղեհեմի ճանապարհին հանդիպեցի մի աղքատի...

Այլևս չուզեցի մնալ եկեղեցում և դուրս եկա, որպեսզի չշարունակեմ լսել Ասատուրի ոռնոցը...

1929 թ.