Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/181

Այս էջը հաստատված է

— Սա արհեստ չէ, սա արվեստ է,— պատասխանում էի, կարծելով, որ գեթ այդ երկուսի տարբերությունը կգիտենա այդ ապուշը, որ ամեն ինչ չափում էր բացառապես ամերիկյան դոլլարներով։

— Ես այսքան էլ լավ բանաստեղծություններ եմ հյուսում, պրն․ Խնալյան. սա գույների և մատների արվեստ է, իսկ մյուսը՝ հոգու արվեստ։

— Աֆերի՜մ, աֆերի՜մ, բանաստեղծություննե՞ր էլ ես գրում, աֆերի՜մ, ծո՜, մաշալլա՜,- բացականչում էր պրն. Խնալյանը և մտահոգվում միայն մի բանով — գործը ավելի արագ էր առաջ գնում, քան ես հավաստիացրի իրեն կամ ինքը կարծում էր։

— Եթե ես քեզ չափ անգլերեն գիտենամ՝ Ամերիկայի փարային հերը կանիծեմ,– ասում էր պրն. Խնալյանը և հեռվից հեռու հասկացնում էր, որ եթե ես ձեռք քաշեմ դրամատիկական ակադեմիա մտնելուց կամ առհասարակ բանաստեղծությունից՝ կպահեր նա ինձ իր մոտ և չավ ռոճիկ կտար։

— Ւ՞նչ պետք է անեմ խանութում,— հարցնում էի,— նորոգվելիք գորգերը շուտով էվերջանան։

— Հե՜տո կասեմ, շատ հեշտ գործ կանես, գրեթե գործ չես անի։

Խնալյանը խանութի ետև մի փոքրիկ սենյակ ուներ, որ կահավորված էր իսլամական հարեմների սենյակների ոճով — արևելյան գորգեր, գույնզգույն փափուկ բարձեր, թախտ, արեվելյան լվացարան, այդ սենյակի մեջը բացվում էր արևելյան փոքրիկ մի բաղնիս, որի ամբողջ պատերը հայլուց էին, հատակը՝ սպիտակ մարմար։ Արևելյան սենյակում դրված էին ղայլաններ, թրքական, եգիպտական և զանազան տեսակի ծխախոտներ։ Այդ սենյակում ոչինչ չէր խնայված, որ հեշտանք առաջացնի։ Ներս մտնողը զգում էր այնպիսի տարածուն, տիրող ծուլություն, որի նմանը միայն զգում են արևելքում կրոնավորները և կաթոլիկ եկեղեցու սպասավորները։

Մի օր հարցրի պրն. Խնալյանին.

— Ի՞նչ բանի է ծառայում այգ սենյակը։

Նա ցինիկորեն ծիծաղեց և աչքերիս խորքը հառելով, պատասխանեց.