Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/184

Այս էջը հաստատված է

խանութների հաճախորդներից. նրանք ըստ տարիքի միատեսակ էին, քաֆթառ ամերիկուհիներ, որոնք հերոսաբար կռվում են պառավության դեմ, չլքելով երիտասարդական ձևերը, երիտասարդության հաճույքի, ուրախությունների մատերիալը:

Իմ աշխատանքը վերջանալու վրա էր. սկսեցի դանդաղ աշխատել, մանավանդ երբ գուշակեցի, որ պրն. Խնալյանը երեք ամիս փոխարեն 25 օր աշխատելուս համար ուզում է իր խոստացածից ավելի պակաս վճարել ինձ, այնպես որ ես առիթ ունեի երբեմն դուրս գալու և դիտելու նրան հաճախորդների հետ խոսելիս վաճառքի ժամանակ:

Երբ հաճախորդը ներս էր մտնում, Խնալյանը գաղտագողի մտնում իր փոքրիկ գրասենյակը, հայելու առաջ մազերը հարդարում, երեսին փոշի քսում, ֆեսը դնում և դուրս գալիս աճապարելով հաճախորդուհուն բարևելու: Ըստ հաճախորդի չափի, գույնի և տեսակի ցանկություն, սկսում էր նրան ցույց տալ գորգերի, միշտ ուսումնասիրելով նրան: Ինչքան որ Խնալյանը տգետ էր գիտության մեջ, նա շատ հմուտ էր իմ առևտրում.նա կարող էր մանրազնին ուսումնասիրել իր հաճախորդին գնող լինելու կամ չլինելու խնդրում: Երբեմն նա մինչև անգամ հաճախորդուհու ներս մտնելու մոմենտում, նրա քայլվածքից, մանավանդ նրա գլխի բռնվածքից գուշակում էր, թե «նրանից հաց կելլա՞, թե ոչ»: Շլացնում էր նրան գորգերի առատությամբ, թե տեսակով, թե չափով և թե գույներով: Եթե կարողանար ծախել՝ լավ, բայց երբ տեսներ, որ հաճախորդը, նրան հրավիրում էր իր արևելյան սենյակը: Հաճախորդուհին ներս էր մտնում թե չէ, ես լսում էի սովորական ամերիկուհու բացականչությունը - «օ՜հ, ի՝նչ գեղեցիկ է»: Վայրկենական ներս էր մտնում և մի սևամորթի ջահել աղջիկ և նրան մատուցում էր մանուշակից պատրաստված քաղցրավենիք, որը Խնալյանը հատուկ բերել էր տալիս փոքր Ասիայի խորքերից: Խնալյանը մի քիչ խոսում էր նրա հետ, ապա ներողություն էր խնդրում, ասելով - հիմա մեր սպասուհին կհյուրասիրի ձեզ արևելյան այլ ձևերով, և դուրս էր գալիս: