Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/195

Այս էջը հաստատված է

— Տղե՛րք, անգլերեն լեզվով մի ճառ պետք է ասեմ, լուրջ կերպով պետք է լսեք, զգացվե՛ք և ինձ հետ միասին դուրս գաք այս գինետնից։

— Լա՜վ, — պատասխանեցին ընկերներս։ Ես լուռ էի։

Կիրակոսյանը ոտի կանգնեց գարեջրի բաժակը ձեռքը և սկսեց.

— Պարոննե՛ր, ես ուրախ եմ, որ հանդիպեցի ձեզ և ձեզ հետ միասին եկա այստեղ, ուրախ եմ նաև, որ դուք լսեցիք Հիսուսի խոսքը և խոստացաք դուրս գալ այս վայրից, հեռանալ և երբեք նորից չմտնել ներս ձեր կյանքում, Քրիստոսի եկեղեցու դռները բաց են ընդարձակորեն, բոլոր մոլորվածների համար։ Խմենք այս վերջին բաժակները և ուխտենք աստծու առաջ, որ սա լինի վերջինը մեր ամբողջ կյանքում:

Խմեցինք ու դուրս եկանք գինետնից իբրև «փչացածներ» և Կիրակոսյանն էլ իբրև մեր «փրկիչը»։

Երր դուրս եկանք, ընկերներից մեկը հարցրեց.

— Ի՞նչ պատահեց, պրն. Կիրակոսյան:

— Մեր վարչության անդամներից մեկը ներս մտավ, — պատասխանեց Կիրակոսյանը։

Հաջորդ օրը Խնալյանի մոտ ունեցած աշխատանքս վերջացրի ու հանձնեցի։

— Եթե ուրիշ աշխատանք ունեք՝ կանեմ,— ասեցի ես։

— Շատ գործ ունեմ, բայց դու մեղք ես այդ գործերի համար, քեզ ուրիշ գործ կտամ։

— Ավելի լավ, — ասեցի, — տվե՛ք։

Խնալյանր ինձ առաջարկեց շաբաթական 40 դոլլար, և «գործս» պետք է լիներ արևելյան փոքրիկ սենյակում հաճախորդուհիներին «հյուրասիրություններ» անել։

Իմ պատասխանս շատ կոպիտ եղավ պրն. Խնալյանին, պահանջեցի իմ 500 դոլլարս, որպեսզի երկրորդ օրը այլևս իր մոտ չգամ։ Նա ինձ իր տվածների վրա լրացրեց 300 դոլլար և հայտարարեց.

— Մի ամսվա աշխատանքի համար այսքանն էլ բավական է։

Զայրույթից մինչև ականջներիս փլթակները կարմրեցին և բողոքեցի, Խնալյանը ասեցս

— Ո՞ւր ուզում ես՝ այնտեղ գնա, — ասաց։