Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/201

Այս էջը հաստատված է

նրան, որովհետև Սարայանին կոչում էր — «իմ վաճառատան սյունը»։

Աշըգաբաշյանի համար իսկապես որ Սարայանը «սյուն» էր, որովհետև նա էր, որ կապիտալիստական ահարկու աշխարհի մրցման ճիրաններում կանգուն էր պահում նրա փոքրիկ, ճղճիմ կապիտալը համեմատած այն հեքիաթային ոսկու տերերին, որոնք Ամերիկյան կապիտ աչի սա ի հզորությունն էին կազմում։

Աշըգբաշյանն արդարացնում էր իրան՝

— Ուրիշ կերպ չեմ կարող երևակայել, սրանք կուտեն մեզ,— ասում էր և շարունակում էր իր կաշին փրկել կապիտալի գազանային ճիրաններից։

Սարայանի ընկերները շատ էին սիրում նրան, մինչև անգամ հարգում էին։ Երբեմն Սարայանը գիշերային վակխանալիայից հոգնած՝ այդ պաշտոնը թողնելու մասին միտք էր հայտնում, իր ընկերներն անմիջապես վրա էին տալիս.

— Բան չունե՛ս, հրաշալի գործ է։

Սարայանը շողոքորթված երկրորդ օրը հեռախոսում էր նրանց «հանդիպել... համարում»։ Նրանք հանրատները համարներով էին կոչում։

Մի օր մեր վաճառատան սրահում մենք ականատես եղանք մի պատահարի։ Սարայանը տակավին վաճառատուն չէր եկել, երբ մի ամերկուհի մտավ ներս՝ երկու մանուկներով միասին։ Վաճառատան հին ծախողները սկսեցին իրար մեջ փսփսալ, մինչ ամերկուհին մի աթոռ վերցրեց և նստավ, երկու փոքրիկները կանգնեցին նրա կողքին՝ իրենց թաթիկները գնելով տիկնոջ ծնկներին։ Ամերիկուհին ներս մտնելիս ո՛չ ոքի չբարևեց, ոչ ոք էլ նրան չբարևեց։ Փսփսուկից իմացա, որ նա Սարայանի կինն էր։ Տիկին Սարայանը ջահել մի կին էր, բարձրահասակ, կապույտ, անմեղ աչքերով և ոսկեգույն մազերով։ Մանուկները կարգապահ էին և տխուր, մեկ-մեկ հառում էին իրենց մոր աչքերին, մայրը շոյում էր նրանց մազերը, թշիկները, և ինչ որ բան ասում նրանց ականջներին։ Աշըգրաշյանը ներս եկավ և անցնելով տիկ․ Սարայանի առաջից՝ բարևեց նրան։ Տիկ. Սարայանը բարև չփոխանակեց և դեմքը շուռ տվեց դժկամությամբ և զզվանքով։