Մյուս օրը Նյու-Յորքի միլիոնատերերի կանայք լցվում էին Աշըգբաշյանի վաճառատունն Արևելքից ստացած ապրանքները տեսնելու և գալիս էին այն եզրակացության, որ լավագույն գորգերը տիկինն արդեն ջոկել է։
— Այո՛, դժբախտաբար,— ասում էր Աշըգբաշյանը։
Հաջորդ օրը Աշըգբաշյանը դուրս էր բերում իր պահած գորգերը, որովհետև տիկին Աշըգբաշյանը ոչ թե ո՛չ մի գորգ չէր ջոկել, այլ նոր ապրանքները չէր էլ տեսած, և ուղարկում էր զանազան տիկնանց փոքրիկ կարտով միասին, թե՝ «տիկինը ցանկացավ զիջել իր ընտրած գորգերը ձեզ համար»։
Միլիոնատեր ամերիկուհին շողոքորթվում էր, ինչպես տնային կատուն և վճարում էր ինչ գին որ առաջարկվում էր նրան։
Երկար ժամանակ էր, որ Սարայանը ինձ չէր մոտենում, որովհետև անձամբ ցուց տվի իմ զզվանքն իր տիկնոջ հանդեպ ունեցած վարմունքի մասին և վաճառատան մեջ էլ ազատորեն խոսում էի այդ մասին, բայց շատ կարևոր մի վաճառքի համար, մի վաճառք, որը իմ ձեռքումն էր գտնվում, Սարայանը մոտեցավ ինձ:
— Ծանոթացրեք ինձ ձեր հաճախորդը, ես կվերջացնեմ խնդիրը,— ասաց ինձ գոռոզությամբ:
— Քո զենքը քեզ պահի,— պատասխանեցի արհամարհանքով,— ես ինքս կվերջացնեմ այն առևտրական պարզ միջոցներով:
—Քո քիթը շատ ես բարձրացրել, կկոտրեմ ես քո քիթը,— գոռաց Սարայանը:
Խոսքից ես անմիջապես գործի անցա և մի քանի բոքսով ուռեցրի նրա աչքը: Աշըգբաշյանը վաճառատնից դուրս էր, մյուսները բաժանեցին մեզ:
Ես ժամը 6—ին դուրս եկա Աշըգբաշյանի վաճառատնից է՛լ ներս չմտնելու որոշումով:
Երեկոյան նստած էի մի կաֆեում, մի բաժակ գարեջրի առաջ, մտածում էի, թե ինչքա՜ն կարող են իրենց հոգու դեմքը ծամածռել ահավոր մրցման այս զարհուրելի պատերազմում:
Ձանձրացա կաֆեում, սկսեցի լրագիր կարդալ, աչքիս կպավ մի դասախոսություն` «Ամերիկյան հարուստների և