Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/21

Այս էջը հաստատված է

շապիկներով։ Օրինակ՝ հելլենական գրականությունը ամբողջական դարսված էր դահլիճի արևմտյան պատի վերևում, ոչ մի անուն պակաս չէր՝ հունական երկնքի նման կապույտ շապիկով։

Կյանքումս առաջին անգամն էր, որ խորապես նախանձեցի հարուստին։ Գրքեր, գրքեր՝ ահա իմ կյանքի երազը։

— Պետք է խնդրել մադամից, որ թույլ տա աչքի անցկացնելու բոլոր գրքերը,— մտածում էի, երբ տեսա, որ պառավը գնում էր դուրս։

Պառավի ետևից ես էլ դուրս եկա և գնացի վաճառատուն կառք բերելու և տանելու գորգերը նորոգելու և լվանալու համար։

Վերադարձիս արդեն որոշել էի խնդրել, որ ինձ թույլ տան գեթ տեսնելու Դանտեի «Աստվածային կոմեդիայի» մեծ հատորը, որի վրա շլացուցիչ տառերով գրված էր «Արքայական հրատարակություն»:

Վաղուց լսել էի, որ «Աստվածային կոմեդիայի» մի այդպիսի շքեղ հրատարակություն գոյություն ունի, որի նկարազարդումը գերազանցում է ցանկացած գրքի նկարազարդումը։

— Անպայման այդ հրատարակությունը կլինի,– մտածում էի:

Երբ վերադարձա մր. Ֆինկլշտայնի ապարանքը, էլի ինձ դիմավորեց նույն գեղեցիկ սպասուհին։

— Ի՜նչ լուռ բնակարան է,— ասացի սպասուհուն՝ միջանցքներով անցնելիս, որպեսզի մի խոսք բանամ և հետզհետե հասնեմ գրքերի հարցին։

— Լուռ է, այո, և շատ էլ տխուր,— պատասխանեց սպասուհին։

— Տխո՞ւր, ընդհակառակն, լավ է այստեղ, լուռ, խոր։

— Այս հսկա տան մեջ միայն այդ պառավն է և մին էլ մր. Ֆինկլշտայնը՝ նրա ամուսինը, ուրիշ ոչ ոք չկա, շատ գործ էլ չկա, որ չտխրեմ։ Ես դիմավորում եմ միայն այցելողներին և ճանապարհ գցում նրանց, ճաշն էլ դրսից է գալիս, ոչինչ չկա անելու, այնքան տխրում եմ, որ երբեմն մտածում եմ գնալ դուրս, լինել գործազուրկ, բայց լինել մարդկանց մեջ, աղմուկի մեջ։

                          492