Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/210

Այս էջը հաստատված է

որ հարյուրավոր կակուղ մտրակներով ինձ խփեցին, բայց երբ ամբողջովին թրջվեցի, զգացի, որ ջրի խոշոր մի հոսանք էր, որ տախտակամածի դռներից վար էր խուժում: Շարունակեցի վեր բարձրանալ:

-Վտանգի ժամանակ ավելի լավ է լինել բաց օդում, քան ներքևը, անանցանելի լուսամուտներով կաբիններում,-մտածեցի:

Ջրի հոսանքը մի պահ դադարեց, ես կարողացա նավի պատերի վրա ամրացված երկաթյա ձողերից մեկը բռնել և ապահովվել ջրի հոսանքից քշվելուց:

Հանկարծ իմ առաջից անցան մի խումբ նավաստիներ. նրանց դեմքի վրա ամենափոքրիկ երկյուղի նշան անգամ չկար. ուրախ էին այնպես, ինչպես ծովի մարդիկ ալեկոծության ահեղ ժամին: Մի քանի րոպեում նավաստիներն արդեն փակել էին ներքևի հարկերը տանող բոլոր անցքերը և միանգամայն ապահովել նավի ներքնակողմը ջրի հոսանքից: Ես մնացի վերրևը, բաց տախտակամածի վրա: Ներքև իջնելն անհնար էր այլևս:

Օվկիանը բարկացել էր արշալույսին, հազարապատիկ ավելի, քան կես-գիշեր: Մեզ շրջապատում էին բարձրաբերձ և ոռնացող ալիքները,փրփրոտ և թանձրամութ ծովը, ծանր, սև և կախ ընկած ամպերը: Մեր նավն էլ էր կատաղել, մխրճում էր իր առաջաքիթը ջրի մեջ, վիթխարի քանակությամբ ջուր վերցնում, բարձրացնում վեր, ամբողջովին լվացվում և ահարկու շառաչյունով իր կողքերից և ետևից ծովը թափում:

Ծովի աշխատավորները բոլորն էլ բաց օգնում են,ոմանք կայմերի,կամրջակի վրա,մյուսները խարիսխի մոտ. շատերը քանդել են փոքրիկ նավակները և սպասում են մի ազդանշանի:

Ոչ մի մեքենա այնպիսի ճշտությամբ, այնպիսի ռիթմական, զարնվում կողերին, օրորում նավը, բայց նավը անարգել և արհամարհական սլանում է առաջ, ճեղքում կոհակները: