Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/215

Այս էջը հաստատված է

- Նյու-Յորքը երևում է արդեն:

Մենք բոլորս էլ բարձրացանք վեր: Նյու-Յորքի բարձրաբերձ շենքերի գագաթները մխրճված էին դեկտեմբերյան մռայլ և թանձր ամպերի մեջ, բայց վիթխարի քաղաքն այրվում էր միլիարդավոր և էլեկտրական լույսերի ծովում: Նավն արագորեն մոտենում էր նավահանգստին: Ահա անցնում ենք Ազատության արձանի կողքով: Ջահը ձեռքին, այս հսկա արձանը դեմքը դարձրել է Եվրոպային՝ պաշտպանելու համար իր դոլլարների լեռնակուտակ դիզերը, երկաթը, պողպատը, կեղտը, ոսկին ու ածուխը: Ոչ մի՛ սիմվոլ այնքան չի արտահայտում կապիտալիզմի ամբարտավանությունը, որքան այդ «ազատության» արձանը:

Երբ նավահանգստին մոտեցանք, մեզ պաշարեց վիթխարի քաղաքի ահեղ աղմուկը, որ գալիս էր աշնան քամու նման, դղրդագին մի աղմուկ, որ նման էր հեռավորր, սև և մեծ անտառում իրար հոշոտող գազանների խուլ մռնչոցին:

Հանկարծ նշմարեցի, որ Պրոդոբոբոբոբոլոսը լաց էր լինում. նրա արցունքները կաթիլ-կաթիլ գլորվում էին աչքերից ներքև և քթի երկու կողմերի ճեղքերից ծորում էին շրթունքների վրա: Նա դողում էր, դողում էր՝ ինչպես մի բանից վախեցող մանուկ, որ չի ուզում իր վախն զգացնել: Առանց տատանվելու՝ մոտեցա նրան, բռնեցի ձեռքը և ուժգին սեղմելով՝ հարցրի.

— Ինչո՞ւ եք լաց լինում, ի՞նչ պատահեց:

— Շատ բան է պատահել, — հազիվ մրթմրթաց այդ բարի և միամիտ հույնը:

— Ասացեք, ի՞նչ է պատահել:

— Շատ բան, շատ բան, — պատասխանեց ինձ Պրոդոբոբոբոբոլոսը և իմ ձեռքից բռնած՝ տարավ նավեզրը, ուր մարդ չկար կանգնած:

— 27 տարի եմ ապրել այս սարսափելի քաղաքում, — սկսեց նա: — Պատանի էի, որ Ամերիկա եկա առաջին անգամ: Երկրում կորցրել էի ծնողներիս, քույրս ամուսնացել էր: Սարսափում եմ հիմա 27 տարվա հիշողությունից: 27 տարի առաջ ես եկա Նյու-Յորք պարտքով, առանց որևէ ծանոթի, առանց անգլերեն մի բառ գիտենալու: Առաջին անգամ աշխատանք գտա սառույցի ընկերության մեջ: Ամբողջ վեց