տարի, ամեն առավոտ, պարտական էի վեր կենալ ժամը 4-ին և սկսել կառքի միջից մեծ կտոր սառույցներ երկաթե ճանկերով բռնել, նետել կռնակիս վրա՝ Արևելքի մշակների նման և բաժանել բնակարանները մինչև ժամը 12: Շաբաթական ստանում էի 6 դոլլար, 6 դոլլարից մի գումար էի ավելացնում պարտքերս վճարելու և մնացածով ապրում: Ապրում էի ավելի վատ, քան որևէ անասուն, նկուղում, օրերով առանց տաք կերակրի: Սառույցի ընկերությանը ծառայեցի ամբողջ վեց տարի, և շաբաթականիս վրա միայն 50 սենտ ավելացրին: Վեցերորդ տարվա մեջ մի օր, երբ ժամը 3-ին զարթնեցի պատրաստվելու և գնալու, զգացի, որ ոսկորներս ցավում են. շարունակեցի հագնվել, բայց գտա, որ անկարելի է գործի գնալ. մնացի սենյակում և չկարողացա գործի գնալ ամբողջ տասն օր:
Տասն օրից հետո երբ գնացի, ինձ հանել էին բանվորների ցուցակից. գլխիկոր վերադարձա, մի քանի շաբաթ անգործ մնալուց հետո գործ գտա մի երկաթագործարանում, շաբաթական երեք անգամ ավելի վարձով, քան սառույցի ընկերության մեջ: Երջանիկ էի զգում ինձ, որ աշխատանքս 50 անգամ ավելի ծանր էր, բայց շաբաթականս ավելի էր: Երկաթագործարանում աշխատեցի ամբողջ 21 տարի, երկաթ հալող արևավառ հնոցի առաջ: 21 տարվա ընթացքում երեսս և ձեռքերս խանձվեցին, այրվեցին, կարծես կես դար ամբողջ հարավի կիզիչ արևի տակ էի աշխատել: 27 տարվա ընթացքում 3 000 դոլլար փող աշխատեցի և մի օր էլ որոշեցի վերադառնալ հայրենիք, մի փոքրիկ տուն շինել և ապրել դառն կյանքիս վերջին տարիները: Վերադարձա իմ հայրենի գյուղը. շատ քչերն ինձ ճանաչեցին, այնքա՜ն տարիներ էին անցել: Շատերն ինձ խորհուրդ տվին հող գնել և հորս նման հողագործությամբ պարապել, բայց հոգնած էի զգում ինձ և նախընտրում էի միայն հանգստանալ:
Ամերիկայում խնայած բոլոր փողերս տարա քաղաք և դրի բանկում: Ուրախ էի, որ տոկոս էի ստանալու. այդ տոկոսով և փոքրիկ աշխատանքով պիտի կարողանայի ապրել: Ամեն անգամ, որ հիշում էի, թե վերադարձել եմ Ամերիկայից, ուրախանում էի՝ ինչպես մի փոքրիկ մանուկ. ուրախ էի,