Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/23

Այս էջը հաստատված է

ԱՐԱԲԱԿԱՆ ԲԱԼԼԱԴԱ

1

Մի օր Ուինտըն տեղական գորգի վաճառատան արևելյան գորգերի բաժանմունքում, ուր ես ծառայում էի, ստիպված եղա մի հաճախորդի արևելյան գորգեր ցույց տալ, որովհետև բոլոր վաճառողներն էլ զբաղված էին։ Հաճախորդը մի քանի թանկագին գորգեր ջոկեց և իր այցետոմսը տալով ինձ ասաց։

— Արևելյան գորգերի մասին իմ կինս ավելի շատ ծանոթություն ունի, քան ես. խնդրում եմ, եթե վաղը նա գա այստեղ, նրան ևս գորգեր ցույց տվեք, հատկապես ցույց տվեք և իմ ընտրած գորգերը, դրանցից մեկնումեկը թող վերցնի։ Որը որ հավանի, ուղարկեցեք մեր բնակարանը, ամսի գլխին կուղարկեմ ձեզ համապատասխան չեկը։

— Շատ լավ, շատ լավ,— ասացի։

Հաճախորդն իմ ազգանունը վերցրեց և գնաց։ Նրա այցետոմսից պարզվեց, որ Նյու-Յորքի ջայլամի փետուրի հայտնի վաճառականներից մր. Ուալդո Շիլդն էր։

— Երևի տիկին Շիլդն Արևելք այցելած կանանցից է, որ կարծում է, թե լինելով Արևելքում՝ ծանոթություն կունենա և արևելյան գորգերի մասին,– մտածեցի:

Հաջորդ օրն իսկ, առավոտյան ժամը 11-ին մեր բաժանմունքը մտավ մի կին։ Վաճառողներից մեկը մոտեցավ նրան, բարևեց և աթոռ առաջարկեց։ Կինը վաճառողի բարևին գլխով պատասխանեց և պայուսակի միջից մի թուղթ հանելով ցույց տվեց վաճառողին։ Վաճառողն անմիջապես նշան արեց ինձ մոտենալ: