թերթերը սկսեցին զբաղվել և այս հարցով: Լուսանկարներ, ընտանեկան նամակագրություններ, անթիվ, անհամար ծաղրանկարներ, վկաների ցուցմունքներ, ֆելիետոններ և հոդվածներ էին լույս տեսնում: Դեմոկրատական լրագրերը մինչև անգամ առաջնորդողներ գրեցին «ընտանեկան խայտառակ կյանքը»: Հանրապետական կուսակցության Նյու-Յորքի ընտրական պայքարի ղեկավար շրջանները ավելի ուրախ էին, որ Հիբըն Ֆուլլըրի անունը հռչակվեց ամբողջ Միացյալ Նահանգներում, իսկ Նյու-Յորքում չկար մի մարդ, որ նրան չճանաչեր, տեղյակ չլիներ այդ բոլոր սենսացիաներին: Այդ բոլորը հսկայական նշանակություն ունեին իբրև ռեկլամ: Հիբըն Ֆուլլըրը շատերի աչքում մինչև անգամ մարտիրոս դարձավ:
Նյու-Յորքի եկեղեցիներում հանդես եկան պաստորներ ապացուցելու, որ Հիբըն Ֆուլլըրը եղել է բարոյական մարդ, որ տարածված լուրերը սուտ են: Հանդես եկան և պրոֆեսորներ, ականավոր քաղաքական գործիչներ, գրողներ, արվեստագետներ վկայելու, որ Հիբըն Ֆուլլըրի մասին տարածված լուրերն արդյունք են դեմոկրատական քաղաքական մեքենայի սադրանքներին: Բոլորն էլ ներկայացնում էին Ֆուլլըրին մի սրբագույն մարդ, իսկ դեմոկրատական թերեթերը օգտագործում էին ամեն մի առիթ, ամեն մի պրովոկացիա, ամեն կատեգորիայի և տիպի մարդկանց վկայություններ` վարկաբեկելու հանրապետական թեկնածուին:
Իսկ, ըստ հանրապետական մամուլի հրատարակությունների, դեմոկրատական կուսակցության թեկնածուն մի ահավոր մարդ էր:
Դեմոկրատական թեկնածու մր. Հարրի Գրինը ներկայացվում էր մի հին ավազակ: Նա եղել էր, տարիներ առաջ, մի շարք պետական պաշտոններում և այդ բոլոր պաշտոնների միջոցով էլ կողոպտել էր հասարակությանը և պետությանը: Մր. Գրինը 30 տարի առաջ եղել էր նյութապես ոչ նախանձելի դրության մեջ, ամբողջ 30 տարի չէր զբաղվել առևտրով, բայց նա հարստացել էր «պետական ռոճիկով:» Երբ ես երկու կողմի թերթերը կարդում էի` շփոթվում էի թե` գրված,