Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/238

Այս էջը հաստատված է

հրատարակված հասարակական կեղտոտության պատմությունը ու՞մ էր պատկանում– մր․ Ֆուլլըրին, թե մր․ Գրինին։

Մր․ Հարրի Գրինը համարվում էր 30 տարի առաջ Նյու–Յորքում գոյություն ունեցող մի շայկայի տաղանդավոր առաջնորդը։ Այդ շայկան ոչ թե գոյություն էր ունեցել և մր․ Գրինը առաջնորդ էր հանդիսացել, այլ ինքն էր կազմակերպել այն և առաջնորդել և հետո էլ ցրել էր, իր շայկայի անդամներին տեղավորելով պետական ապարատում։ Ցրումից հետո էլ շայկան գոյություն ունեցել էր դե ֆակտո։

Շատ զարմանալի և կեղտոտ դրվագներ էին պատմում մր․ Գրինի հին հերոսություններից։ Մր․ Գրինը եղել էր, այսպես ասած, ինչպես Օ․Հենրին է բնորոշում, ամերիկյան առաջին տիպի գողերից– սպիտակ օձիքով և թևնոցով, ցիլինդրով և ֆրակով։ Մր․ Գրինը, պտմում էին, այն տիպերից էր, որ մուտք էր գործել Նյու–Յորքի բարձր շրջաններում։ Մտնելիս է եղել մի մագնատի ապարանքը իբրև հյուր։ Այնտեղ է Նյու–Յորքի բարձր դասը։ Կերուխում, պար։ Մր․ Գրինի շայկան պաշարում է մագնատի ապարանքը։ Ձեռքերը վեր։ Կողոպտում են բոլոր ներկաներին, ինչպես նաև մր․ Գրինին, մի քանի ժամ հետո Նյու–Յորքի հյուրանոցներից մեկում ետ ստանալու իրանից հափշտակվածները և խոշորագույն բաժինը վերցնելու ընդհանուր կողոպուտից։

Մր․ Հարրի Գրինը երկար ժամանակ քաշվել էր հասարակական–քաղաքական կյանքից, բայց դեմոկրատական կուսակցությունը դուրս քաշեց նրան մր․ Ֆուլլըրին տապալելու նպատակով, իբրև քաղաքական մեքենայի ամենահմուտներից մեկը։

Այս բոլոր այլանդակ պատմությունների փոթորկում՝ հասարակությունը պետք էր ունենար մի իրավունք– հավատալ երկու կողմերին և երկուսին էլ դեն շպրտեր քաղաքական կյանքից, բայց կողմերը կատաղել էին, կրքոտել, կուրացել, խելագարվել։ Յուրաքանչյուր կուսակցականի բերանից թույնի փրփուր էր թափվում, յուրաքանչյուր կողմի մամուլ հայհոյում էր ատրաշեկ։

Ընտրական պայքարում կար և հակաալկոհոլիստական կազմակերպությունը, որի թեկնածուն էր մի պաստոր–ռևերանտ Դուդլին, որի մասին առհասարակ երբեք չէին գրում,