— Բարի լույս,— ասաց տիկինն ինձ:
— Բարի լույս,— պատասխանեցի:
— Ես տիկին Շիլդն եմ,— ասաց տիկինը:
— Օ, այո, ես գորգեր ունեմ ձեզ ցույց տալու։
Տիկին Շիլդը թուխ, սևասև աչքերով, կաթնային սպիտակուցով, բարեձև, ճկուն հասակով և տխուր նայվածքով մի կին էր։ Նրա աչքերն արտակարգ փայլ ունեին, կարծես մի լուսաստղ քամած լինեին նրա աչքերում, նայելիս տխուր ժպտում էր, կարծես մի շուշան լիներ մշուշում։
Նա նստեց աթոռին, մինչդեռ ես սկսեցի մր. Շիլդի ջոկած գորգերը ցույց տալ։ Տիկին Շիլդը խոսում էր մաքուր գրական անգլերենով, բայց օտարականի շեշտով:
— Գիտեք,— ասաց տիկին Շիլդը,— ես թեև արևելցի եմ, բայց գորգերի մասին ոչ մի գաղափար չունեմ. ամուսինս համոզված է, որ ես իրանից ավելի լավը կջոկեմ, դրա համար ինձ է ուղարկել այստեղ, բայց հույս ունեմ, որ դուք ինձ կօգնեք, և ես չեմ խայտառակվի իմ ամուսնու առաջ։
— Եթե այդպես է, տիկին, թույլ տվեք այս բոլոր գորգերը ծալել և մի կողմ դնել, միասին ջոկենք մի գորգ, որ ոչ միայն չխայտառակի ձեզ, այլև...
— Միայն չխայտառակվել եմ ուզում,— ընդմիջեց տիկին Շիլդը։
Ես սկսեցի որոնել մի հազվագյուտ գորգ, որպեսզի խոստումս կատարած լինեմ։ Տիկին Շիլդը սփռված գորգերին այնքան ուշադրությամբ չէր նայում, որքան ինձ էր դիտում իր ջերմագին աչքերով։ Ըստ երևույթին, նա ուսումնասիրում էր ինձ, թե արդյոք ես ա՞յն մարդն եմ, որ կկատարի իր խոստումը, որպեսզի ինքը չխայտառակվի ամուսնու առաջ: Տիկին Շիլդի համար ես ջոկեցի մի Սարուգ, կակուղ բրդի տեսակից, կապույտ ֆոնով և մարջանի կարմիր ծաղիկներով։
— Ի՞նչ արժե,— հարցրեց տիկինը։
— Թանկ է, տիկին, 300 դոլլար արժե,— պատասխանեցի,— բայց որովհետև ձեր ամուսինը չէր ցանկանում 200 դոլլարից ավելի հատկացնել, ես այնպես կկարգադրեմ, որ դուք այս գորգը վերցրած լինեք մեր անցյալ շաբաթվա վաճառքից: