նկարներով, սուտ թվերով, անվերջ, անպատկառ, ամենալկտի խոստումներով։
Հրապարակ էին եկել կուսակցական ագիտատորներ։ Այդ ագիտատորների մեջ ամենագլխավորներն էին իրենք՝ թեկնածուները։ Չկար քաղաքի բանուկ փողոցի մի անկյուն, որտեղ երեկոները հանդես չգային ճառախոսներ։
Թայմզ Սկուարում ամեն երեկո հանդես էր գալիս մի դեմոկրատական ագիտատոր աներևակայելի բարձր և անհատնում ձայնով, կանգնում էր ավտոմոբիլի վրա և ճառում էր մր․ Գրինի առաքինություններից։
–Մր․ Գրինը,– ասում էր այդ ագիտատորը,– ամերիկյան դեմոկրատայի սիմվոլն է, մր․ Գրինում խտացած են ամերիկյան լավագույն տրադիցիաները։
Ագիտատորներից հետո հանդես էր գալիս ինքը՝ մր․ Գրինը, որին իր կողմնակիցները դիմավորում էին խելագար օվացիաներով։ Հակառակորդները հայհոյում էին, իրար հրմշտում, ոստիկաններն անմիջապես հասնում էին, խառնաշփոթության մեջ ձերբակալում ով որ կար այնտեղ, մասնակցող կամ չմասնակցող, լցնում ավտոմոբիլներում և տանում։
Մր․ Գրինը կոպիտ կազմվածքով մի մարդ էր։ Առաջին անգամ տեսնողի վրա այն տպավորություննէր թողնում, որ նա եղել է բռնցքամարտիկ։ Լայնաթիկունք էր նա, կոպիտ ձեռքերով, խոր դիմագծերով, կարճ կտրած և ցցված մազերով։ Նրա նայվածքը նման էր այն մարդու նայվածքին, որ կարծում է, թե պետք է շուտով ձերբակալեն իրեն" Մր․ Գրինի ծնոտը արտակարգ կերպով լայն էր, երեսները տափակ և մեծ, այտոսկրերը ցցված, աչքերի տակից սկսվում էին երկու խոր գծեր, որոնք մահիկաձև իջնում էին ներքև և միանում բերանին։ Հեռվից այդ գծերը դաշույնի հարվածների տպավորություն էին թողնում։ Մր․ Գրինի մեծ և կոպիտ գլխի վրա՝ աչքերն արտակարգ փոքր էին։ Ծաղրանկարիչները նրա աչքերի տեղ դնում էին միայն երկու սև կետ։
Մր․ Գրինը գլխարկով բարևում էր բոլորին և սկսում էր խոսել․
–Եթե Նյու–Յորքի հասարակությունը ինձ քաղաքագլուխ ընտրի, ես պետք է ջանամ, մինչև անգամ արյան գնով, զսպել հարուստների ախորժակները, Նյու–Յորքում