Ճիշտն ասած՝ ես անհամբեր սպասում էի լսելու մր․ Գողբաուտին, որովհետև բոլորն էլ ասում էին, որ նա պետք է պարզաբանի այս ընտրական պայքարի բացառիկ երևույթը, ետ ուզում էի իմանալ, թե հատկապես ինչով էր շահագրգռված մր․ Գողբաուտը, ինչ էր ակնկալում ընտրությունից, թե առևտրական ինչ հեռանկարներ ուներ։ Դրանից կպարզվեր այն, թե ինչու այս ընտրական պայքարը մղել էր հազարավոր մարդկանց դեպի խելագարություն։
Այդ շրջաբերանից հետո մեր վաճառատան շառայողների մեջ տիրեց առանձին ոգևորություն։
–Մր․ Գողբաուտը պետք է գա։
–Մր․ Գողբաուտը պետք է դասախոսություն կարդա։
–Մր․ Գողբաուտին տեսե՞լ եք։
–Ո՛չ։
–Ես տեսել եմ, բայց ցանկանում եմ լսել նրան։
–Սարսափելի հետաքրքրական է։
Այս էր օրվա խոսակցությունն ամբողջ վաճառատան մեջ։
Շատերը կարծում էին, որ առիթ կլիներ ծանոթանալու մր․ Գողբաուտին և այդ ծանոթությունը, ո՜վ է իմանում, կարող էր տնտեսական լավ անդևադառնալ ծանոթացողների վրա։ Շատերը կարծում էին, որ ընտրական պայքարի այս հրավառ օրերին, մի ընտրություն, որով մր․ Գողբաուտը մեծագույն չափով շահագրգռվել էր, առաջ կքաշվեն։ Իսկ շատերն էլ ուրախանում էին պարզապես ստրկամտությունից, որ մր․ Գողբաուտը պետք է դասախոսություն կարդա, և իրենք էլ պատիվ պետք է ունենան նրան լսելու։
Վաճառատան ծառայողների մեջ կային և հանրապետականներ, որոնք լսել էին իրենց պաշտոնը կորցնելու վախից, բայց ատելությամբ լսում էին խոսակցությունները։ Նրանք, որոնք աշխատանքի ժամերից դուրս, գիշերները, ամբողջ հոգով խառնվում էին ընտրական խայտառակություններին, մինչև անգամ ջարդվածքներ էին ստանում, այժմ չէին խոսում։ Բայց մր․ Գողբաուտին դուր գալու համար շատերը այդ լսողներին գրգռում էին, որպեսզի մի կռիվ պատահի, մի սկանդալ և երեկոյան մր․ Գողբաուտը իմանա և ուշադրության արժանացնի իրենց, բայց հանրապետականները համառորեն լռում էին։