հարգանք մատուցած կլինենք նրան և հետևած կլինենք ճշմարտության։
Ծառայողներից մեկը բացականչեց․
-Մր․ Գոդբաուտը թեկնածու չէ, մր․ Գրինն է թեկնածու։
Մր Գոդբաուտը պատասխանեց՝«ճիշտ է» և ծիծաղեց այլանդակ, անճոռնի գրիմասով։ Ծառայողներից մի քանիսը, որ Գոդբաուտի կողմից առաջ քաշված մարդիկ էին, առանձին խոսք վերցրին և դրվատեցին մր․ Գոդբաուտին և խոստացան իրենց քվեները տալ մր․ Գրինին։
Արտահայտվողներից մեկին՝ մր․ Ուիգլինգին շատ լավ էի ճանաչում։ Մր․ Ուիգլինգը կլյոնկաների բաժանմունքի վարիչն էր։ Կյոնկաների բաժանմունքը մեր բաժանմունքին կից էր, և ես նրան տեսնում էի ամբողջ օրը։ Մր․ Ուիգլինգը մի մարդ էր, որի դեմքի որոշ գծերը, մշտնջենական կեղծ ժպիտից, այնքան էին խորացել, որ բարկացած պարագայումն իսկ՝ ժպիտի գծերը չէին կորչում, բարկության գծերը ժպիտի գծերին չէին կարողանում հաղթահարել։ Բարկանում էր բայց կարծես ժպտում էր։
Հաճախորդներին այնքան էր քծնում, որպեսզի կարողանար նրանց գովասանքն ստանալ, որ մինչև անգամ քայլած ժամանակ, երբ պատահմամբ սյունին զարնվեր՝ հեզությամբ խոնարհվում էր և ներողություն խնդրում։ Այնքան սովորական, այնքան բնական էր այս՝ խորապես «հեզահոգի» մր․ Ուիգլինգի համար։
Մր․ Ուիգլինգն ինձ խոր տխրություն էր պատճառում, որովհետև ես նրա վրա նայում էի իբրև մարդու։ Եվ նրա ականջները, որ չէին մասնակցում նրա քծնանքներին, նման էին մարդկային ականջների։
Մր Ուիգգլինգը արժանացել էր և արժանանում էր մր․ Գոդբուտի գնահատնքին։
Շաբաթը մեկ-երկու անգամ, հակառակ բաժանմունքի վարիչը լինելուն, մր․ Ուիգլինգը, փոշեսրբիչը ձեռքը, ամբողջ օրը բաժանմունքի փոշիներն էր սրբում, և ես չէի հասկանում դրա գաղտնիքը։ Ինքը բացատրում էր այդ իր բնավորության «դեմոկրատիզմով», բայց երբ ճանաչեցի մր․ Գոդբաուտին, հիշեցի, որ Ուիգլինգի փոշեսրբության օրերն էին, երբ մր․ Գոդբաուտը անպայման այցելում էր վաճառատունը։