— Իսկ եթե այդպես լինի՞,— հետաքրքրվեց տիկինը:
— Վաճառքի զեղչը 40 տոկոս էր, ուրեմն կարժենա 180 դոլլար:
Տիկին Շիլդի աչքերն արտահայտեցին շնորհակալություն և երախտագիտություն։
— Խնդրում եմ ուղարկել այս գորգը մեր տուն,— ասաց տիկին Շիլդր,— ես կանխիկ կվճարեմ դրա արժեքը։
— Մր. Շիլդը չեկը կուղարկի ամսի գլխին, այդպես էլ խոստացել է, նեղություն մի քաշեք։
— Ու ես այժմ կվճարեմ, ունեմ այդքան դրամ, կարող եմ վճարել:
Տիկին Շիլղը հանձնեց փողը, ես ուղարկեցի ֆինանսական բաժինը:
— Այսօր կարո՞ղ եք ուղարկել,— հարցրեց տիկինը։
— Մինչև դուք տուն հասնեք, գորգը կլինի տանը, տիկին,– պատասխանեցի։
Իմ հետաքրքրությունը չափազանց աճել էր արդեն իմանալու համար, թե տիկին Շիլդը Արևելքի որ մասից էր, քանի որ արևելցի էր։
— Ներեցեք, տիկին,— համարձակվեցի ես,— Արևելքի ո՞ր մասից եք եկել դուք։
— Արաբիայից։
— Արաբիայի՞ց:
— Այո, ես արաբ եմ,— պատասխանեց տիկին Շիլդը և խորը հառաչեց։
Այդ հառաչանքի մեջ ես զգացի, որ մի ողբի պատմություն էր թաքնված, ինձ այնպես թվաց, որ այդ հառաչանքը մի եղերերգի վերջին ակորդն էր։
Երկար և կարոտագին նայեցի նրա սևասև աչքերին՝ կամարված սև և նուրբ հոնքերով ու կաթնային սպիտակուցով։
— Դո՞ւք էլ արևելցի եք,— հարցրեց տիկին Շիլդը։
— Այո, տիկին, Թուրքիայից։
Երբ նա իմացավ, որ ես Թուրքիայից եմ, կարոտով նայեց ինձ և շշնջաց
— Սելաամ... — Սելաամ...