Ապա մր. Ֆուլլըրը սկսեց հայհոյանքների մի տեղատարափ մր. Գրինի և նրա կուսակցության հասցեին: Ես զարմացա: Ես զարմացա ո՛չ թե նրա համար, որ մր. Ֆուլլըրը իրեն թույլ էր տալիս հայհոյանքներ ընտրական պայքարի ընթացքում, այլ նրա համար, որ ես այդ օրը ծանոթացա անգլերեն լեզվի «գանձերին»: Մինչև այդ ես կարծում էի, որ անգլերեն լեզուն ճոխ, հարուստ և ճկուն լեզու է, բայց հայհոյանքներով աղքատ: Մինչ այդ` ես լսել էի միայն մի հայհոյանք, որ հայերեն թարգմանած մի բան չէր — անիծված — բայց մր. Հիբըն Ֆուլլըրը ապտակեց ինձ իմ տգիտության համար: Նա ինձ պարզապես ապշեցրեց իր հայհոյանքների արվեստով, բառամթերքով և ոճավորումով: Ես համոզվեցի, որ տգետ եմ անգլերենի ունակությունների մասին: Մինչ այդ անգլերենը ինձ համար լիրիզմ էր, լեցուն թռչնական, երգող, դայլայլող բառերով, բայց մր. Ֆուլլըրն ինձ համոզեց, որ անգլերենն ունի նաև երկաթյա, ծանր հայհոյանքներ:
Շնորհակալ եմ Ֆուլլըրից այդ բանի համար:
10
Գիշերն ուշ տուն եկա: Հոգնած էի: Երբ ապարտմանին մոտեցա, դռան առաջ մեկը ցցվեց դեմս և սկսեց նայել ինձ: Փողոցի լույսը նրա ետևից էր, և ես չկարողացա ճանաչել նրան:
— Բարև, — ասաց հայերեն:
Ձայնից անմիջապես ճանաչեցի նրան և մի տեսակ սարսուռ զգացի: Ինչո՞ւ նա պետք էր լիներ այստեղ, ե՞րբ է եկել, ինչպե՞ս է գտել իմ հասցեն և ինչո՞ւ է գտել, ի՞նչ է ուզում:
-Ես եկել եմ քո մոտ իբրև բարեկամ, իբրև եղբայր...-
Նրա ձայնը հեկեկաց, ամբողջ մարմնով դողում էր: Իմ վախն անցավ, բայց չպատասխանեցի, որովհետև մտածեցի՝ պատմությունն ավելի հզոր է, քան ասված խոսքը՝ բարեկամ, եղբայր:
-Տիգրան, ի՞նչ է պատահել քեզ,- հարցրի:
-Ամեն ինչ,- պատասխանեց,- այն, ինչ, դու, թերևս, վաղուց ես գուշակել:
Բռնեցի նրա ձեռքը.