Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/256

Այս էջը հաստատված է

—Մենք բարեկամներ ենք, եղբայներ, գնանք իմ սենյակը,-ասացի:

Երբ վառեցի սենյակի լույսը և նայեցի նրա դեմքին, զգացի, որն մարմնացած թշվառությունն էր մտել իմ սենյակ:

Տիգրանն ինձ գրկեց:

-Ների՜ր,- ասաց արցունքոտ աչքերով:

Ես չպատասխանեցի, բայց համբուրեցի նրան:

Նա նստեց թախտի վրա և լռեց:

Տիգրանն այն մարդն էր, որ ինձանից մի կին խլեց:

Այպես պատահեց:

Հարավում ես հանդիպեցի մի աղջկա: Նա ծնվել էր Վերա Կրուզում (Մեքսիկո), և հայրը նրան Մեքսիկա էր կոչել: Մեքսիկային ես հանդիպեցի այն տարիքում, որ երբ թշերը սեղմեիր՝ արյուն կկաթեր: Մեքսիկան շաղակրատ էր, պճնամոլ և հրային: Նա ինձ սիրում էր, բայց երբեմն կատաղում էր ինձ հանդեպ, երբ ես ոտիս տակ տրորում եմ նրա պճնամոլությունը՝ վիրավորելով նրա էության ամենաէական հատկանիշը: Բայց բոցավառ էին նրա թևերը: Երբ նա օղակում էր ինձ, թվում էր, որ ահա շրջապատվում եմ բոցերով:

Հայտնվեց Տիգրանը: Նա հորից ժառանգություն էր ստացել: Հարուստ էր և կամազուրկ: Բնականորեն Մեքսիկան հակվեց նրան, ինչպես արևածաղիկը՝ արևին:

Առաջին անգամ վատ զգացի, բայց կամաց-կամաց տեսա, որ Մեքսիան մեծ ոտներ ունի և շրթունքները հաստ են:

Մեքսիկային զիջեցի Տիգրանին և հեռացա հարավից:

Երկար լռությունից հետո Տիգրանը սկսեց խոսել:

-Վատնեցի բոլոր հարստությունս, փլացրի առողջությունս և մի օր էլ գտա Մեքսիկային մի ուրիշ մարդու զրկում: Երեք օր է Նյու-Յորքում եմ գտնվում, փնտրում էի քո հասցեն: Ես կարծում էի, որ դու ինձ կհայհոյես, կթքես իմ վրա, կվռնդես ինձ, և ես կհանգստանամ, բայց դու ինձ պաղատես խոցում ես:

-Ես քեզանից պետք է շնորհակալ լինեմ,- ասացի,- որ հայտնվեցիր, և ես ազատեցի իմ թևերը բոցերից:

-Ես այրվեցի, ես մոխիր դարձա,- պատասխանեց Տիգրանը դողահար: