Նրա ողջույնը մի խուրձ շող էր, որ փաթաթվեց իմ հոգուն։
— Բավակա՞ն ժամանակ է, որ Ամերիկայում եք։
— Մոտ ութ տարի։
— Գո՞հ եք Ամերիկայից։
— Ինչպե՜ս կարող եմ գոհ լինել,— բացականչեց նա և մտավ վերելակը, որի դռնակը այդ րոպեին բացվեց և դեպի ներքև էր գնում։
Վերելակում կանգնած ամերիկուհիների մեջ նա ջոկվեց՝ ինչպես լուսաստղն է ջոկվում ամբողջ երկնքում։
2
Մի քանի օր հետո տիկին Շիլդը նորից հայտնվեց մեր բաժանմունքում: Ես անմիջապես ընդառաջեցի նրան։
— Գորգ չեմ գնելու անմիջապես վրա տվեց տիկին Շիլդը,— եկել եմ միայն ձեզ տեսնելու։
— Ես ցանկանում էի հեռախոսել, տիկին, և հրավիրել ձեզ թուրքական սուրճ խմելու, բայց, ճշմարիտն ասած, չհամարձակվեցի:
— Այստեղ կա՞ն սրճարաններ,— հարցրեց տիկին Շիլդն անձկագին։
— Այո, կան։
— Գնանք,— առաջարկեց տիկին Շիլդը մանկական ուրախությամբ։
Մենք միասին գնացինք «Constantinople» ճաշարան-սրճարանը, որտեղ թուրքական լավ որակի սուրճ էին մատակարարում:
«Կոնստանտինոպլ»-ում լճում տիկին Շիլդը պատմեց, որ իր ամուսինը, լինելով ջայլամի փետուրի վաճառական, փետուրի գնումներ կատարելու համար հաճախ այցելել է Արևելք՝ Արաբիա, Հաբեշստան, Եգիպտոս, մինչև անգամ Հնդկաստան։ Ինքը եղել է մի որբ աղջիկ, գրեթե փողոցներում թափառելիս, մր. Շիլդը տեսել է իրեն, հավանել և առաջարկել է գալ Ամերիկա և ամուսնանալ իր հետ:
— Աղքատ էի, ընդունեցի մր. Շիլդի առաջարկությունը և ահա նրա կինն եմ,- վերջացրեց տիկին Շիլդը։