Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/260

Այս էջը հաստատված է

հակառակորդի՝ մր. Գրինի ընտրությունը: Սա շատ հատկանշանական էր ամերիկյան «դեմոկրատիզմի» համար: Ընտրական պայքարից հետո ամեն մի պարտված կողմ շնորհավորում էր իր հակառակորդի հաղթանակը — «ուրախ եմ, որ դուք հաղթեցիք»: Չէր կարելի երևակայել սրանից ավելի մեծ կեղծավորություն: Ծախսել միլիոններ, կորցնել պատիվ, խորասուզվել քաղաքական կեղտի մրուրում, ավելացնել լեզվի հայհոյանքների պաշարը, չխնայել ոչ մի օտար միջոց հաղթելու համար, կորցնել կին, երեխաներ, լրագրերում դառնալ ծաղրի ու ծանակի առարկա, շողոքորթել, ոտներ լիզել, ուրանալ, ստել, քծնել, հայհոյել — մանավանդ հայհոյել և հուսկ ապա՝ հեռագրել — «Ուրախ եմ, որ դուք հաղթեցիք:»

Մր. Հիբըն Ֆուլլըր, այն ժամանակ և հիմա էլ և կյանքիս մինչև վերջն էլ՝ պետք է խորապես հավատացած լինեմ, որ դուք ստել եք ավելի, քան որևէ մեկն այս աշխարհում:

12

Ընտրություններից մի քանի օր անց՝ երեկոյան ժամը 10-ին Բրոդուեի մի կինոյից դուրս գալուց հետո՝ ես տեսա, որ լրագրավաճառ տղաները վարդագույն թղթի վրա տպագրված հավելված էին ծախում: Ամբողջ փողոցը բռնել էր նրանց աղմուկը — extra, extra, մեծ հրդեհ 5-րդ ավընյուի վրա:

Առաջին հերթին ուշադրություն չդարձրի, թեև համառորեն լսում էի՝ մեծ հրդեհ 5—րդ ավընյուի վրա, — ես դեռևս մտածում էի էկրանի այն խեղճ աղջկա մասին, որ սիրուն էր, սիրում էր և խաբվեց ու իրան գետը նետեց: Բայց փոքրիկ տղաների աղաղակներն ականջս ծակում են, նրանք ամեն կետի վրա են, ամեն անկյունում, ամեն մեկի քթի առաջ տնկում են հավելվածը և սուր ճչում — հրդե՜հ, մեծ հրդեհ:

Վերջապես մի հավելված գնեցի և սկսեցի կարդալ.

Գոդբաուտ ընկերության շենքը վառվում է:

Ուրեմն վառվում էր իմ ծառայատեղին: Քայլերս ուղղեցի դեպի 5—րդ ավընյու, ճանապարհին պատկերացնելով մր.