Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/262

Այս էջը հաստատված է

հրդեհի արտակարգ դեղնավուն լույսի տակ։ Նա ինչ - որ սկսեց խոսել իրեն մոտեցող հրդեհաշեջների պետի հետ։

Տասնևերկրորդ հարկի լուսամատից մի հրդեհաշեջ գլուխը դուրս հանեց խելագարի նման, թևերը պարզեց դեպի դուրս ինչ - որ անհասկանալի բառեր աղաղակելով: Նրա ամբողջ շորերը բոցավառված էին։ Ներքևից ջրի մի ուժեղ հոսանք ուղղվեց դեպի այդ հրդեհաշեջը: Երբ նա ամբողջովին ողողվեց ջրի հոսանքից, թվաց, որ ուշքի եկավ։ Հրդեհի երկար և բարակ սանդուղքներից մեկը մոտեցրին լուսամուտին։ Հրդեհաշեջը ոտը նետեց դուրս, նա ջանում էր վայր իջնել։ Առաջին փորձն անհաջող անցավ։ Լսվեց.

— Ջուր...

Երկու մանուկները և նրանց մայրը քարացել էին կանգնած տեղում և չոել էին իրենց բյուրեղացած աչքերը։

Էլի ջրի մի հոսանք ուղղվեց դեպի հրդեհաշեջը։ Նա երկրորդ փորձն արավ սանդուղքի վրա գալու։ Կինը ջղային սղմեց մանուկներին և կուչ եկավ, արձանացավ։ Հրդեհաշեջի երկրորդ փորձը բոլորովին աղետավոր եղավ, նա սայթաքեց, և նրա մարմինը վայրկենապես փռվեց մայթի վրա։

Կինը հիստերիկ ճիչ արձակեց և ընկավ գետին։

Ոստիկանները գրկեցին անմիջապես նրան և մանուկներին և դնելով ավտոմոբիլի վրա՝ տարան։

Քիչ անց իմ առաջից անցկացրին հրդեհաշեջի դիակը։ Նա ամբողջովին տափակացել էր, ձեռքերը և դեմքը սևացած, մարդկային ոչ մի կերպարանք չէր մնացել, կիսայրած շորի և մսի մի այլանդակ զանգված։ Գանգն ամբողջ փշրվել և ցրիվ էր եկել։

Դիակից հետո իմ առաջից անցկացան մր. Գոդբաուտը և տիկին Գոդբաուտը։ Վերջինս, դեռևս, ավտոմոբիլից դիտում էր լոռնետով հրդեհի տեսարանը։ Ես միայն այդ ժամանակ նշմարեցի, որ տիկին Գոդբաուտի գրկում մի սպիտակ և մեծ բերանով շուն էր նստած, որին մեր վաճառանոցի «չլար լեզուները» մր. Գոդբաուտի անկողնի «տեղակալ» էին անվանում։

Մր. Գոդբաուտի այլանդակ դեմքից պարզ երևում էր խորունկ ուրախություն, որովհետև միլիոններ էր շահելու այդ հրդեհից։ Նա ոչ մի գրոշ չէր կորցնելու։