Հրդեհաշեջ խմբի ղեկավարը, տեսնելով, որ հրդեհը գնալով սաստկանում է, աճում, կատաղում և կարող է անցնել շրջակա շենքերին, մոտեցավ իր կարմրագույն ավտոմոբիլին և սեղմեց կոճակը։ Բարձրացավ երկար և աղեկտուր ճիչ, կարծես մի առյուծ էր մռնչում հոգեվարքի պահին։ Այդ ճիչը երեք անգամ կրկնելուց հետո՝ հրդեհի շենքում գտնված բոլոր հրդեհաշեջները սկսեցին արագ կերպով իջնել սանդուղքներից։ Դա պարզապես սիգնալ էր՝ թողնելու հրդեհի շենքը։
Ոմանց շորերն արդեն հրդեհվել էին, բայց ջրի հոսանքներն անմիջապես հասնում էին օգնության՝ փրկելով նրանց այրվելուց։
Երբ բոլոր հրդեհաշեջները դուրս եկան շենքից, բաց թողին ջրի բոլոր հոսանքները և սկսեցին քանդել շենքը, որպեսզի կարողանան ամբողջովին կղզիացնել հրդեհը։
Ես երկար չսպասեցի և հեռացա։
Ամբողջ գիշերը չկարողացա մոռանալ այն հրդեհաշեջին, որ տափակացավ մայթի վրա։ Հիշում էի նրա ցրիվ եկած ուղեղը և այն կնոջն ու այն երկու մանուկներին։
Ասում էին, որ մր. Գոդբաուտը հրդեհել է տվել հսկա շենըր շահադիտական նպատակներով։
Այդ գիտեին բոլորը, գիտեին հաստատապես, բայց ոչ ոք չուզեց արձանագրել, ոչ ոք չուզեց բողոքել։ Ապահովագրական ընկերությունը մինչև անգամ փորձ չկատարեց հաստատելու իրողությունը։ Դա կվարկաբեկեր ապահովագրական ընկերության, նրա ապահովագրական առևտրին։ Դաժան և ստոր էր մրցումն այդ ասպարեզում:
Ուրեմն, պիտի ասեին, դա այն ընկերությունն է, որը հեշտությամբ չի վճարում, ապահովագրական վնասները։
Այսպիսով պիտի պակասեին հաճախորդները։ Դարանակալ սպասում էին ուրիշ ապահովագրական ընկերություններ, կառաջարկեին ավելի էժան, ավելի նպաստավոր և ավելի շահավետ պայմաններ։ Ապահովագրական ընկերությունը միլիոններ վճարեց մր. Գոդբաուտին։