Էջ:Վահան Թոթովենց, Ամերիկա.djvu/281

Այս էջը հաստատված է

բռնեի, տահա քի կընի՜կս պիտի ըլլի, ես կերթամ, ինչ կուզեք էն ըրեք։

Անկարելի եղավ էշը ետ կեցնել, ձգեց ու գնաց։ Մարտոյին դուրս ելլելեն հետո Կոտոշը զայրացավ փեսային վրա։

— Էրիր-չէրիր՝ թեզմիշ էրիր, վա՜յ իմ խաֆային։


— Ծո՛, մի՛ նեղվիր, էշ Մարտոն թեզմիշ չըլլիր, մի վախնար, ես վաղը կը տեսնամ,— պատասխանեց փեսան:

Ես ուզեցի վարժուհին տեսնել և անոր միտքը հասկնալ: Չալին ներս գնաց և բավական երկար խոսելեն ետք՝ վարժուհիին հետ միասին եկան դուրս։

— Օրիո՛րդ,— հարցուցի ես,— կուզեիք երիտասարդին հետ ամուսնանալ։

— Պր. Չալին և աղա փեսան դիտեն,— պատասխանեց վարժուհին։

Ես հասկցա, որ Չալին ներսը դաս տված էր։

— Շատ աղեկ, — վերջացուցի ես և դուրս ելա դեպի իմ սենյակը։

Զ

— Քուրի՛կ, խենթ-խենթ մըլլիր, ի՜նչ է եղեր տղան, բոյը բուսը տեղը, փերե ունի, վերջապես ճակտիդ եազին է, տահա ուրիշ բան մըլ կա օր ծեր է, մեկ քանի տարիեն կը սատկի կերթա,— կը խրատեր աղա փեսան վարժուհին։

Վարժուհին կընդդիմանար, երբ Կոտոշն ալ եկավ և սկսավ զանազան պատմություններով համոզել, որ սխալ մը ըրած կըլլար, եթե էշ Մարտոյին հետ չամուսնանար։

— Օրիո՛րդ, յավրո՛ւմ, սը իշուն յուլարը (սանձը) մի՛ փախցներ:

Մեկ քանի օր հետո վարժուհիին միտքը պարզվեցավ: Կուզեր որ էշ Մարտոն իր անունով 2000 տոլար բանկը դրամ դներ՝ ուզածին պես ծախսելու համար։

Էշ Մարտոն չի սիրեց այս առաջարկությունը:

— Տահա ձեռքը չի սխմածի 2000 կուտ կուզե նը, վաղը որ կնիկս ըլլի ի՜նչ պիտի ուզե:

Բայց վարժուհին կանգնած էր ինքնապաշտպանության գետնին վրա։